«Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը նվիրված էր զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանին:

Նորություններ
dsc_3999

 Փետրվարի 22-ին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) մարտական ընկերները, ազգականները, նրա անունը կրող դպրոցի ուսուցիչները եւ սաները:

Ինչպես նշեց Պետոյի մարտական ընկերը` Իգոր Սարգսյանը, Պետոյի եւ նրա նմանների գործը պետք է հիշել ամեն օր ու փոխանցել նոր սերնդին: Նա հիշեց, որ Արցախյան պատերազմի տարիներին ուսանող զինվորները ճակատից գալիս էին համալսարան, քննություն էին հանձնում ու նորից մեկնում ճակատ:

«Այն ժամանակ «ջիպերի» մտածողություն չկար, մենք ազնիվ ու հայրենասիրական մղումներ ունեինք, կար վտանգ, որը պետք էր հաղթահարել: Պետոն ասում էր. «Այս պահը մեր պահն է, եւ ազգովի պիտի Արցախում լինենք»: Նա ամենախիստ ձեւով ստիպում էր իր զինվորներին պարապել: Պետոն առաջամարտիկ էր, ով ազատագրական պայքարի ընթացքում դարձավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը: Նա իր սուր աչքով 1993 թ-ին ոչնչացրեց Սրխավենդի երկնքով անցնող թշնամու ՄԻԳ-25-ը»,- պատմում է Իգոր Սարգսյանը:

Պետոյին նկարագրելիս երգիչ Արսեն Համբարյանն ասաց. «Ես սիրում եմ այդպիսի հայրենասերներին անվանել ոչ թե ազատամարտիկ, այլ հայրենամարտիկ: Նրանք էին, որ ապրեցրին մեզ եւ դեռ ապրեցնելու են»:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ուսանողներն ասմունքեցին եւ երգեցին, ցուցադրվեց Պետոյի մասին պատմող երկու ֆիլմ, ինչից հետո խոսքը տրամադրվեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին: Նա պատմեց հին օրերի, զինվորական կյանքի մասին եւ կոչ արեց չաղավաղել պատմությունը, որովհետեւ իրականությունը մի բան է, միֆը՝ մեկ այլ բան:

Միջոցառման ավարտին էլ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն իր շնորհակալական խոսքն ասաց ներկաներին եւ խնդրեց, որ միշտ հիշեն մեր հերոսներին:

Այլ Նորություններ