Աչիքգյոզյան Սիմոն Հովհաննեսի -Երկրաբանական ֆակուլտետ, դասախոս (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
15

Ծնվել է 1939 թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում: 1946 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում: 1955 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թ.` ինժեներերկրաբանի որակավորմամբ: Ս. Աչիքգյոզյանը 1970 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1984 թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: 1960-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություններ, զբաղվել թարգմանություններով: Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը: Գիտության անխոնջ մշակ լինելուց բացի` նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է ՙՆարեկ՚ արական երգչախմբում` Խոր Վիրապի վանքում:

1989 թ. ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ:

1989 թ. անդամագրվել է ՙԱրաբո՚ կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնեշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` ստանձնելով Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը:

1990 թ. Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին` էկոլոգիայի հանձնաժողովի կազմում:

Ս. Աչիքգյոզյանը զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու ՙՕղակ՚ (кольцо) գործողությունը կանխելիս: Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը:

ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:

Ամուսնացած էր, ունի երկու զավակ:

2011 թ. ապրիլի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիքգյոզյանի անվամբ: