Արշակյան Հապետ Կորյունի -Իրավաբանական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
1

Ծնվել է 1970թ. փետրվարի 12-ին ՀՀ Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1987 թ. գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և մեկնել Նովոսիբիրսկ` ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում:

1988 թ. կիսատ թողնելով ուսումը` Հ. Արշակյանը վերադարձել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Արցախյան պատերազմն սկսվելուն պես նա կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ դարձել է վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով:

1992 թ. Հ. Արշակյանը իր մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին:

1993թ. իր վաշտով տեղափոխվել է Մարտակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ զորամիավորումների հետ մասնակցել է ավելի քան տասը գյուղերի ազատագրմանը:

Հ. Արշակյանը զոհվել է 1994 թ. հունվարի 9-ին Մատաղիսի մոտակայքում` Դագաղասարի բարձունքում մղած մարտերի ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է հայրենի Արշալույս գյուղի հուշահամալիրում:

ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. թիվ 950 հրամանով ավագ լեյտենանտ Հ. Արշակյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում: Նույն թվականի օգոստոսին ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախագահության թիվ 0375-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:

ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ 1997թ. Քյուրդլար գյուղը վերանվանվել է Հապետավան:

1998 թ. փետրվարին Հ. Արշակյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով Հ. Արշակյանը պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի 2003 թ. թիվ 22 հրամանագրով պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚ մեդալով: Հ. Արշակյանի հիշատակը հավերժացվել է նաև Մատաղիսում կանգնեցված հուշակոթողով: