Բախշյան Վարդան Ազատի -Պատմության ֆակուլտետ, ասպիրանտ (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
2-vardan-baxshjan-(1)

Ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինվորական ծառայությունն անցկացրել է Հեռավոր Արևելքում): Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում:

1988 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ՙԱրևմտյան Հայաստանի վարչական բաժանումները՚ թեմայով: Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սվասի, Կարսի տեղագրությունը` վարչատարածքային և պատմաշխարհագրական նկարագրով:

1988 թ. սկսված արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել ՙԴաշինք՚ ուսանողական թերթը:

1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը: 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

1990 թ. միանալով ինքնապաշտպանական ջոկատներին` մեկնում է Արցախ: Մասնակցում է Բերդաձորի ինքնապաշտպանությանը:

Վ. Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

ԼՂՀ նախագահի 1995 թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:

1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:

2008 թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Բախշյանի անվամբ:

nk2

Վարդան Բախշյանի կազմած կարգապահական կանոներ՝ ինքնապաշտպանական ջոկատի համար։

ds

1991թ․  դեկտեմբերի 10֊ին ԼՂՀ անկախության հանրաքվեից 4 օր առաջ Վարդան Բախշյանի հեռագիրը՝ ուղված իր քույր Աննային։

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ