Դուշման. “Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ”

Նորություններ
20-vardan-stepanjan

1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս դավադիր ականից նահատակվեցին արցախյան պայքարի երեք նվիրյալ կամավորներ՝ Երոն՝ Արմեն Երիցյան, Արայիկը՝ Արա Ավագյանը եւ Շուշիի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը:

Արցախյան ազատամարտի հերոսներին շատ հաճախ հիշում ենք որպես զենքի մարդ՝ Հայրենիքը թշնամու ձեռքից ազատելու երազանքով: Սակայն, երբ որեւէ առիթով անդրադառնում ես նրանց կենսագրությունը, պարզվում է, որ նույն այդ զենքի մարդը նուրբ հոգի է ունեցել: Վարդան Ստեփանյանը, կամ ինչպես ընկերներն էին կոչում՝ Դուշման Վարդանը, նույնպես այդպիսին էր։

Այսօր Դուշման Վարդանի զոհվելու տարելիցն է։ Այցելություն Եռաբլուր, հետո արդեն՝ նրա անվան տուն-թանգարան։

Դուշման Վարդանին զարմիկը՝ Վարդանը չի տեսել։ Բայց հորեղբոր անունը լսելիս հուզվում է։ Այստեղ, ուր այսօր արդեն Արցախյան պատերազմի հերոսի տուն թանգարանն է եւ նրա ձեռքով հավաքված գրադարանը, փորքիկ Վարդանը արկածային, նաեւ հայոց պատմությանը վերաբերող գրքերն է նախընտրում։ Իսկ ամենասիրված պատմությունը հորեղբորն առնչվող, դա պատերազմի ժամանակ մոլորված հորթին մորը վերադարձնելու պատմություն է, որը նաեւ Վարդանի լուսանկարների մեջ իր ուրույն տեղն ունի։ Վարդանը հաստատ որոշել է՝ շարունակելու է հորեղբոր գործը։
Դեռ 18 տարեկան էր, երբ Վարդանը որոշեց գնալ Շենգավիթի զինվորական կոմիսարիատ, խնդրանքով, որ իրեն ուղարկեն Աֆղանստան։ Նրա այդ որոշումը նաեւ հեռանկարային էր։ Հասկացել էր, որ իր փորձը շատ է պետք լինելու իր ազգին։
Վարդանի վերջին կռիվը Մյուրիշեն գյուղում էր:
1992թ. հուլիսի 3-ին էլ զոհվեց։
“Մահից չէր վախենում։ Գնացել էր Եռաբլուր Սմբուլի հետ ու ասել, տեսնե՞ս իմ տեղը որտեղ է։ Ամեն ինչ ուներ, տուն, տեղ, մեքենա, իրավաբանականի գերազանց ուսանող էր, բայց իր ցավը հայոց հողն էր, որ տնքում էր օտարի ոտքի տակ։ Հայրենի հողը թանկ էր ամեն ինչից”,- հիշում է Զարիկ Շամյանը։
 Զարիկ Շամյանի ջանքերով, արդեն տարիներ շարունակ գործում է այս թանգարանը։ Գալիս են դպրոցականներ, համալսարաննականներ, ավելի շատ տղաներ եւ համոզում գոնե մեկ րոպե հագնել Վարդանի զինվորական հագուստները։
26 տարի ապրեց Դուշման Վարդանը։ Նրան մարտական ընկերները հիշում են ամեն օր։ Այսօր էլ հավաքվել էին, գնացել Եռաբլուր, ապա հավաքվել այստեղ։ Վարդանը պարգեւատրվել է ԼՂՀ “Մարտական խաչ”1-ին աստիճանի շքանշանով: Իսկ մահից առաջ ընկերներին ասել էր. “եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ”։
Այլ Նորություններ