Դուշման Վարդանի քույր Արմենուհի Ստեփանյանի զրույցը եղբոր հետ «Կենսագրությունդ վարք է դարձել . . .»

Նորություններ
20-vardan-stepanjan

Զրույց եղբորս հետ

Կյանքում շատ բաներ են պատահում։ Դրանցից շատերը թվում են հեքիաթ, անիրական պատմություններ։ Իմ կյանքի հեքիաթն էլ այն է, որ արդեն քսան տարի ապրում եմ քեզ հետ և առանց քեզ։ Մենք միշտ զրուցում ենք։ Դրանք այն զրույցների շարունակություններն են, որոնց գլխավոր թեման հայ մարդն էր ու հայ ժողովրդի պատմությունը։ Այդ զրույցները սկիզբ առան այն գրադարանում, որը հիմա քո անունը կրող տուն-թանգարան-գրադարան է։ Այնտեղ ամեն ինչ քեզանով է շնչում, ու մայրդ բոլորին ընդունում ու ճանապարհում է այնպես, կարծես քո տուն են եկել, և ուր որ է դու կգաս ու քո հյուրերով կզբաղվես։

Դու ամենուր մեզ հետ ես։ Այդպես էլ չսովորեցինք և չենք էլ սովորի ապրել առանց քեզ։ Ո՛չ ես, ո՛չ Տիգրանը, ո՛չ մայրս ոչ մի օր չենք ապրել առանց քեզ հաշվետու լինելու։ Զինվորական եղբայրդ բոլորին նայում է քո աչքերով և փորձում է առաջնորդվել քո սկզբունքներով։ Որդուն դաստիարակում է այնպես, ինչպես դու կդաստիարակեիր քո որդուն։ Ամեն մեկս յուրովի ենք փորձում ապրել քո չապրած տարիները, լրացնել այն ամենը, ինչ դու չհասցրիր։
Հիշու՞մ ես, երբ հարցրիր՝ մանկավա՞րժ ես դառնալու, էլ պատասխանին չսպասելով՝ ասացիր, որ աշակերտներին յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերեմ, չարհամարհեմ նրանց զգացմունքները։ Այն ժամանակ պարզապես զրուցում էինք, իսկ այժմ հնչում է որպես պատգամ։ Այսօրվա աշակերտներին ավելի շատ է պետք հասկանալ և աջակցել, որովհետև հակասական իրավիճակներում ենք ապրում։ Ինչպես տաղանդավոր բանաստեղծ Պ. Սևակն է ասում․ «Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա . . .»։ Աշակերտներին պետք է սովորեցնել զանազանել իրական և կեղծ արժեքները։ Այդ գործում դու իմ մշտական օգնականն ես` քո ապրած ու չապրած կյանքով։ Կենսագրությանդ ծանոթ ցանկացած հայ գիտի, որ հողը ոսկով չի կարելի փոխել, որ հայրենիքի պաշտպանը տարբերվում է սովորական նենգ մարդասպանից, որ ուժեղ մարդը նույնիսկ թշնամու երեխայի և կնոջ վրա ձեռք չի բարձրացնում։ Կենսագրությունդ վարք է դարձել։

Քո անվանակիր Վարդանները հպարտությամբ են անունդ կրում։ Ոմանք արդեն հայոց բանակի զինվորներ են։ Տղաս էլ է ծառայում քո երազած հայոց բանակում։ Ճիշտ է, դժվարացավ սկզբում, քանի որ դժվար է անվանդ և պատվիդ պատասխանատուն լինել։ Սկիզբը խուճապ էր, սակայն բանակում ծառայելը պարտականություն և պատիվ է։ Հայոց բանակի սպաները, ուսուցիչները, ծնողները պետք է հոգեբանորեն ներարկեն դա յուրաքանչյուր զորակոչիկի, աշակերտի, որդու արյան ու ավիշի մեջ։

Դու սովորեցրել ես, որ դատել, քննադատել պետք չէ, այլ օգնել ու զորացնել է պետք յուրաքանչյուր հայորդու։

Դու իմ ամենահավատարիմ, համբերատար զրուցընկերն ես, Վարդա՛ն։ Եվ հեքիաթ չէ, որ մարդու հոգին անմահ է. քո հոգին միշտ ինձ հետ է՝ քուն թե արթուն։

Ծնունդդ շնորհավոր, Վարդա՛ն։

Այլ Նորություններ