ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԴԱՌՆԱՐ 47 ՏԱՐԵԿԱՆ

Նորություններ
dsc_5312

Մարտի 12-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը և իրավագիտության ֆակուլտետը`Դուշման Վարդանի անունը կրող լսարանում, կազմակերպել էին միջոցառում` նվիրված Վարդանի ծննդյան տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, հերոսի մայրը՝ տիկին Զարիկը, քույրը՝ Արմինեն, «Վարդանանք» ակումբի անդամներ, ուսանողներ:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհավորեց հերոսի մորը՝ տիկին Զարիկին, որդու ծննդյան և Մարտի 8-ի կապակցությամբ և վստահեցրեց, որ այսօրվա սերունդն արժանի է մեր հերոսներին, և վերհիշեց Դուշման Վարդանի՝ թևավոր դարձած խոսքը. «Հանգիստ քնե´ք, մե´ր պապեր. Շուշին ազատագրված է»: Այնուհետև դեկանն ավելացրեց. «Հանգիստ քնի´ր, Դուշմա´ն Վարդան, որովհետև քո նպատակներից մեկը՝ լավ սերունդը, գալիս է, կա, առկա է, և մեր հայրենիքն ապահով ձեռքերում է»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Դուշման Վարդանի մասին պատմող տեսաֆիլմ, ինչի ավարտից հետո հերոսի մայրը վերհիշեց Վարդանի ուսանողական տարիները և իր խոսքն ուղղեց ուսանողներին. «Լա´վ սովորեք, լավ հա´յ դարձեք ծնողի, դասախոսի համար, բուհի անունը բա´րձր պահեք, որ ուժեղանա մեր ազգը»:
Տիկին Զարիկը նաև նշեց լավ ընկեր լինելու կարևորության մասին՝ շեշտելով, որ հենց ընկերությունն ու եղբայրությունն են դառնում հաղթանակի գրավականը:

«Որդիս սերունդ է դաստիարակում, այդ սուրբ տղաները սերունդ են դաստիարակում: Այսօր ես ոչ թե զոհված ազատամարտի, այլ հերոսի մայր եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես են մեծարում իմ Վարդանին»,- եզրափակեց տիկին Զարիկը:

Այլ Նորություններ