Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է

Նորություններ
jpeg

“Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է ու մարդը պիտի գնա մահվան ընդառաջ”: Թերեւս, այս գիտակցումով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետի գիտաշխատող Մհեր Ջուլհաջյանը 1992-ին թողեց ամեն ինչ ու եկավ Հայրենիք: Տվեց դաշնակցականի երդումը, անցավ ՀՅԴ “Զավարյան” ուսանողական միության շարքերը, ապա ընդունվեց Երեւանի պետական համալասարանի երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրա:

Բայց ստեղծված իրավիճակով պայմանավորված` երկրաբանը, թողնելով համալսարանական կյանքը, դարձավ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից:

“Պատերազմում հաղթում է նա, ով արդարության համար է կռվում, արդարությանը հավատացող, արդարության ձգտող ոգին ամրապնդվում, անկոտրում է դառնում”: Մհերն այս կարգախոսով էր առաջնորդվում: Նրա երազանքն ազգի ազատագրությունն էր:

Ապրեց երազանքով, կռվեց երազանքի ու մեծ գաղափարների իրականացման համար ու 1993 թվականի օգոստոսի 23-ին զոհվեց Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում` 4 մարտական ընկերների հետ` Արտակի, Լեւոնի, Ռուդիկի, Մերուժանի:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը ծնվել էր հենց ԼՂՀ Մարտունի քաղաքում, սովորում էր պատմության ֆակուլտետում, բայց կյանքի բերումով դարձավ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը: 1991թվականի նոյեմբերի 6-ից սկսվեց Մարտունու ռմբակոծությունը, իսկ նոյեմբերի 17-ին թշնամու արկը պայթեց հենց Մերուժանի տանը: Կնոջն ու երեխային տարավ ներքնահարկ, իսկ ինքը շտապեց մարտական դիրքեր, որովհետեւ գիտեր, որ շատ գործ ու քիչ ժամանակ ունի:

Հավատում էր, որ Արցախ աշխարհն ու Հայաստանը չեն կարող անջատ ապրել ու դրա համար պիտի պայքարել: Պիտի պատմություն դասավանդել դպրոցում, պիտի զենք հայթայթել ու զինել տղաներին, պիտի գրել շրջանային թերթի համար, պիտի հոգալ ընտանիքի մասին` թեկուզ մտքով, պիտի չզգալ սով ու հոգնածություն, պիտի հասցնել ամեն ինչ: Այդպես մինչեւ օգոստոսի 23-ը, մինչեւ վերջին ուժը պայքարեց ու միացավ ազգի մեծ անմահներին:

Այլ Նորություններ