Զաքար Ավանեսյանը կդառնար 43 տարեկան

Նորություններ
scan100052

Մայիսի 21-ին Պատմության ֆակուլտետում` իր իսկ անվան լսարանում, կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված 1992 թ-ին մարտական առաջադրանքը կատարելիս Մատաղիսում զոհված ուսանողի հիշատակին: Կազմակերպիչը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն էր:

«Այսպիսի միջոցառումները ոչ միայն նրա համար են, որ հիշենք մեր հերոսներին, այլև երիտասարդների մեջ հողի նկատմամբ պաշտամունք սերմանելը: Անձամբ նրան դաս չեմ տվել, բայց կարդացել եմ նրա դիմումը` ուղղված ֆակուլտետի ղեկավարությանը, և գիտեմ նրա սխրանքների մասին,- խոսելով ազատամարտիկի մասին` նշեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և հավելեց,- ես վստահ եմ, որ մեր ֆակուլտետում այսօր էլ կան զաքարներ»:

Զաքարին հիշելու, նրա մասին պատմելու և լսելու էին եկել նրա ընտանիքի անդամները, համակուրսեցիները, համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, ինչպես նաև զոհված այլ ազատամարտիկների հարազատներ:

«Գուցե մի քիչ տարօրինակ թվա, բայց մեր կուրսեցիներից շատերը Զաքարին չհասցրին ճանաչել: Ստեփանակերտի համալսարան տեղափոխվեց, ծանոթացանք, հետո անընդհատ պատերազմի մեջ էր, նա ավելի շատ կռվել է, քան եղել է ուսանող: Այնքան համեստ էր, որ նույնիսկ չէր պատմում, թե ինչ է արել: Նա այն տեսակն էր, որ երկրի իսկական կառուցող կլիներ»,- պատմում է ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը, ով եղել է Զաքարի համակուրսեցին:

«Վարդանանք» ակումբի սաները լուսանկարներով և բանավոր խոսքով ներկայացրին հերոսի կյանքն ու անցած մարտական ուղին, իսկ միջոցառմանը մասնակից ուսանողները ասմունքեցին և կատարեցին երգեր:

Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970 թ-ին Արցախի Հադրութ քաղաքում: Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան` մշտական բնակության: Ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, բայց շատ շուտով հայտնվել է ադրբեջանական ղեկավարության «սև ցուցակում» և որոշել է տեղափոխվել Երևանի պետական համալսարան:

Արցախյան ազատամարտի ընթացքում նա ուներ հատուկ անցաթուղթ, որով մթերք էր հասցնում Արցախ, այնտեղից էլ վիրավորներին տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Զաքար Ավանեսյանը 2 անգամ վիրավորվել է, սակայն տնեցիներն այդպես էլ չեն իմացել:

Պատմում են, որ պատերազմից հետո պատրաստվում էր ամուսնանալ, իր ասելով` այնպիսի աղջկա հետ, ու մի ականջը մյուսից փոքր պետք է լիներ, որպեսզի մեկով լսեր մորը, մյուսով` իրեն:

Հուշ-ցերեկույթի ընթացքում «Զինվորի պաշտպան» կազմակերպության կողմից հետմահու պատվոգիր շնորհվեց Զաքար Ավանեսյանին` մարտական սխրանքների համար, իսկ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին` համալսարան-բանակ կապն ամուր պահելու համար:

Այլ Նորություններ