Համալսարանականներն Արցախում էին…

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA

ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը և ‹‹Վարդանանք›› ակումբը ապրիլի 25-ից 27-ը անցկացրին գիտակրթական այց դեպի Արցախ:
Եռօրյա այցը կազմակերպել էին Համալսարանի Ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը:
Ճանապարհորդության առաջին կանգառը Եղեգնուտ գյուղն էր, որտեղ էլ գտնվում է զոհված ուսանող ազատամարտիկ, ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանի (Պետո) անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, սաները մեծ սիրով ընդունեցին համալսարանականներին, ավելին, ներկայացրին իրենց փոքրիկ միջոցառումը:
ԵՊՀ ուսանողները ևս ունեին անակնկալ, իրենց հետ դպրոցին նվեր էին բերել համակարգիչ և տպիչ, իսկ վերջում կարճ դասախոսություն ունեցավ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, հանդիպումն ավարտվեց համալսարանականների երգ ու պարով. «Ձեր հայրերն ու հորեղբայրները ամեն ջանք ներդրեցին հայոց Արցախ աշխարհը ադրբեջանական գերությունից ազատագրելու համար: Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչպես է վերազինվում Արցախը, ինչպես են բուժվում պատերազմի վերքերը: ԵՊՀ-ն մշտապես կանգնած է Արցախի կողքին: Դրա ապացույցն այն է, որ այսօր այստեղ ենք ու ցանկանում ենք որևէ կերպ երախտահատույց լինել Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանին և մաղթում ենք, որ բոլորս փառք ու պատվով հարգենք նրա լուսավոր հիշատակը»:
Դպրոցից դուրս գալով՝ համալսարանականները մեկնեցին դեպի Արցախի պաշտպանական N զորամասը, որտեղ ևս թնդաց համալսարանական երգ ու պարը:

Այցելության երկրորդ օրը ուսանողները հյուրընկալվեցին Արցախի պետական համալսարանում, որտեղ տեղի ունեցավ Արցախյան գոյամարտում հրադադարի հաստատման 20-ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովին հանդես եկան թե՛ Երևանի, թե՛ Արցախի պետական համալսարանի ուսանողներ: Օրն ավարտվեց դեպի Տիգրանակերտ այցելությամբ:

Շատ հագեցած էր նաև Եռօրյա այցելության երրորդ օրը: Վաղ առավոտյան վարդանանքցիները եղան Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենփրկիչ եկեղեցում, որից հետո Մայր բուհի ուսանողները մասնակցեցին ԵՊՀ հիմնադրման 95 և ՈւԽ հիմնադրման 20-ամյակին նվիրված ծառատունկին՝ Բերձորի համալսարանական պուրակում: Ծառատունկի կազմակերպիչը <<Գուրգեն Մելիքյան>> հիմնադրամն էր՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ:

Հռիփսիմե Գալստյան

Այլ Նորություններ