Հոկտեմբերի 10-ին պրոֆեսոր Արամ Սիմոնյանն արժանացել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (СПбГУ) պատվավոր դոկտորի կոչման:

Նորություններ
5703__mg_9942

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր Իգոր Գորլինսկին վկայագիրը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ նշել է, որ բարձր է գնահատում Սանկտ Պետերբուրգի եւ ԵՊՀ-ի միջեւ ակադեմիական մակարդակով իրականացվող համագործակցությունը:

«Մեր գիտնականները միշտ էլ ջերմ են արտահայտվել իրենց գործընկերոջ՝ Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցության մասին՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի եւ կընդգրկի նաեւ բուհի այլ օղակները: Եվ այս ամենը նախ եւ առաջ իրականանում է ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհիվ»,- ընդգծել է Իգոր Գորլինսկին:

Պատվավոր կոչում հանձնելը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում արդեն մի քանի տարի է, ինչ ավանդույթ է դարձել: Այս բարձր կոչմանն արժանանում են միայն այն գիտնականները, քաղաքական կամ մշակույթի գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության, կրթության բնագավառներում, ինչպես նաեւ պետությունների միջեւ խաղաղության եւ բարեկամության կառուցման ու պահպանման գործում:

«Այս կոչումը, իմ կարծիքով, ոչ միայն հայ-ռուսական գիտակրթական ու մշակութային համագործակցության ոլորտում իմ ավանդի համար է տրվում, այլ գնահատականն է այն հսկայական գործունեության, որ Սանկտ Պետերբուրգի եւ ընդհանրապես Ռուսաստանի գիտական ոլորտում ծավալել են անվանի հայորդիները»,- ասել է Արամ Սիմոնյանը:

Արարողության ավարտից հետո Արամ Սիմոնյանը եւ Իգոր Գորլինսկին կնքել են համագործակցության շրջանակային համաձայնագիր Սանկտ Պետերբուրգի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ: Այն 2010 թ-ին ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ երկու համալսարանների ռեկտորների կնքած պայմանագրի շարունակությունն է, որը նախատեսում է սերտ համագործակցություն քիմիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, մաթեմատիկական մոդելավորման, կիրառական մաթեմատիկայի, լեզվի եւ գրականության, պատմության եւ ժուռնալիստիկայի բնագավառներում:

Հ.Գ.: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների պրոֆեսոր Արամ Սիմոնյանը Մայր բուհի ռեկտոր է ընտրվել 2006 թ-ին: Նրա անմիջական ղեկավարության ներքո բուհում բավականին ակտիվ կերպով իրականացվում են հայագիտական մի շարք կարեւոր ուսումնասիրություններ: Մեծ է պրոֆեսորի դերը բուհի զարգացման գործում, ինչի արդյունքում ԵՊՀ-ն ոչ միայն Հայաստանի առաջատար բուհն է, այլեւ խոշոր գիտահետազոտական կենտրոն է համարվում: Արամ Սիմոնյանը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների, եգիպտագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ կարեւոր հետազոտություններ իրականացնող կենտրոնների ստեղծման նախաձեռնողն է:

Այլ Նորություններ