Հոկտեմբերի 24. հիշում ենք հայ ազգի երախտավորներին

Նորություններ
dsc_2041

Հոկտեմբերի 24-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կրկին Ծիծեռնակաբերդում էր: Ինչպես ամեն ամսվա 24-ին, այս անգամ ևս ակումբականները հավաքվել էին Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի շուրջ`ընթերցելու հայ և օտարազգի երախտավոր գրողների ստեղծագործություններից: Այս անգամ, ի հիշատակ Հայ դատի օտարազգի նվիրյալներ Ֆրիտյոֆ Նանսենի և Արմին Վեգների, ընթերցվեցին նրանց հեղինակած հոդվածներից, ինչպես նաև` նրանց մասին գրված հուշերից, մենագրություններից, հոդվածներից: Հոկտեմբերի 24-ին լրանում էր նաև Լեռ Կամսարի ծննդյան 124-ամյակը, ինչի կապակցությամբ ընթերցվեց մեծ երգիծաբանի ու գրողի ստեղծագործություններից:

«Խաբված ժողովրդի պաշտպանն» ու «Հայ դատի հենասյունը». այսպես է բնորոշել գրող, արձակագիր Ֆելիքս Բախչինյանը` նորվեգացի հայտնի բևեռախույզ, գիտնական , դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին` իր համանուն գրքերում: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆ.Նանսենը` որպես Ազգերի լիգայում փոքր ազգերի իրավունքների պաշտպան, ոչ մի ջանք ու եռանդ չի խնայել`պաշտպանելու հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները: «Շատ ավելի վաղ ծանոթանալով հայ ժողովրդի պատմական անցյալին` Մեծ մարդասերն իր առաքելությունը տեսավ նրա շահերի պաշտպանության ոլորտում`թողնելով իր կյանքի իմաստը համարվող գիտական գործունեությունը »,- գրում է Ֆ. Բախչինյանը:

«Այս ընթերցումները միտված են վարդանանքցիների և ընդհանրապես բոլոր համալսարանականների մեջ մշտապես վառ պահելու հայրենասիրությունը և հայկական հարցի նկատմամբ հետևողականությունը», – նշեց ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը` ընդգծելով երիտասարդ սերնդի մասնակցության կարևորությունը Եղեռնի ճանաչման գործընթացում:

Ընթերցումները զուգորդվեցին հայրենասիրական երգերի կատարմամբ: Անմար կրակի շուրջ էլ ավելի էր բորբոքվում երիտասարդների հայրենասիրական ոգին, ովքեր հասկանում են, որ պետք է մշտապես հիշել և գնահատել ոչ միայն հայ, այլև օտարազգի այն նվիրյալներին, ովքեր հայ ժողովրդի կողքին են եղել նրա պատմության ամենադժվարին ժամանակներում :

Այլ Նորություններ