Հովհաննիսյան Վարդան Նասլետի – Տնտեսագիտական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
03

Ծնվել է 1972 թ. հունվարի 13-ին Երևանում: 1988 թ. ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը: 1988 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը: 2-րդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Արցախյան պատերազմի առաջին օրերից Վ. Հովհաննիսյանը փորձել է անդամագրվել երկրապահ ջոկատներին և մեկնել ռազմի դաշտ: Ջոկատների հրամանատարները մերժել են` պատճառաբանելով, որ նա ուսանող է:
1992 թ. հունիսին Վ. Հովհաննիսյանը, հանձնելով կիսամյակի քննությունները, փոխադրվում է 4-րդ կուրս, սակայն Արցախ գնալու մտադրությունից չի հրաժարվում: Ծնողներից թաքուն անդամագրվում է Վ. Սար•սյանի հավաքագրած մահապարտների ջոկատին:
1992 թ. օգոստոսի 30-ին Վ. Հովհաննիսյանը ՙԱրծիվ՚ մահապարտների գումարտակի կազմում մեկնում է Արցախ և սեպտեմբերի 1-11-ը մասնակցում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին:
Վ. Հովհաննիսյանը զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի ազատագրման ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
1998 թ. փետրվարին Վ. Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ՀՀ նախագահի 1999 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Վ. Հովհաննիսյանը պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
2007 թ. սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Հովհաննիսյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ