Հունիսի 1-ին Արցախյան ազատամարտում զոհված համալսարանական Վարդան Բախշյանը կդառնար 48 տարեկան:

Նորություններ
2-vardan-baxshjan-(1)

Հունիսի 1-ին Արցախյան ազատամարտում զոհված համալսարանական Վարդան Բախշյանը կդառնար 48 տարեկան: Ազատամարտիկի ծննդյան տոնի նախօրեին Մայր բուհում հյուրընկալվել էին Արմավիրի Վարդան Բախշյանի անվան համար 2 դպրոցի աշակերտները, ուսուցիչները և զոհված ազատամարտիկի հարազատները` մայրը և քույրը: Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

«Վարդանը հերոս էր ու մեծ ապագա ունեցող ակտիվ գիտնական: Նրանից շատ մեծ սպասելիքներ ունեի: Նա իմ ամենալավ ուսանողներից մեկն էր` խելացի ու ակտիվ»,- Վարդանի մասին իր հիշողությունները դպրոցականներին ներկայացրեց նրա դասախոսը` Պատմության ֆակուլտետի դոցենտ Արտավազդ Դարբինյանը:

Արմավիրի դպրոցի աշակերտներն այցելեցին Վարդանի անունը կրող լսարան և ԵՊՀ պատմության թանգարան, իսկ ավելի ուշ գնացին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:

«Քաջատեղյակ եմ Վարդան Բախշյանի կենսագրությանը: Ուղղակի հպարտանում եմ նրա անցած ուղով: Նա իսկական հայ էր, մարտիկ ու գիտնական: Ուրախ եմ, որ այսօր նրա անունը կրող դպրոցում եմ սովորում»,- նշեց Արմավիրի համար 2 դպրոցի սան Լիլիա Ավետիսյանը` հավելելով, որ այսօր ինքն այն սկաուտական խմբի անդամներից մեկն է, որը տարիներ առաջ վերահիմնադրվեց Վարդան Բախշյանի կողմից:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը վստահ է, որ պատանիներին պետք է ցույց տալ իրական հայրենասերներին. «Մեր ազգը իսկապես շատ է ունեցել Թաթուլի, Վարդանի, Զարեհի նման հերոսներ, ովքեր աշակերտների համար կարող են իսկական հայրենասիրության և ազգի հանդեպ սիրո վառ օրինակ լինել: Այսօրվա դպրոցականների մեջ էլ կան նոր վարդաններ»:

Այլ Նորություններ