ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԵՐԵՔ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Նորություններ
0ezJyFBWEOh9bKjz7pWMkZzCr6

Նոյեմբերի 19-ին անցկացվեց համալսարանական զոհված ազատամարտիկների 50-ամյակներին նվիրված մեծարման ցերեկույթ. նրանք համակուրսեցիներ էին, զինակիցներ և մարտական ընկերներ…

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցած հուշ-ցերեկույթը նվիրված էր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկներ Ներսես Բարբարյանին, Ալեքսան Ասատրյանին ու Պետրոս Ղևոնդյանին (Պետո): Նրանք երեքն էլ ծնվել են 1964 թվականին, ընտրել նույն մասնագիտությունն ու գնացել հայրենիքը պաշտպանելու հստակ գիտակցմամբ:

«Անմահները հրամայում են…» ծրագիրն այն եզակի նախաձեռնություններից մեկն է, որ տարին մի քանի անգամ, ի հիշատակ զոհված ուսանող-ազատամարտիկների, իրականացնում է ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Ազգային հերոսների 50-ամյա հոբելյաններին նվիրված տոնական միջոցառում-ցերեկույթն էլ այս անգամ նախաձեռնել էին ԵՊՀ ռեկտորատը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ու «Վարդանանք» ակումբը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), գրող-հրապարակախոս, լրագրող Գրիգոր Ջանիկյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, «Վան» ազգագրական համույթը, զոհված ուսանող-ազատամարտիկների մայրեր, հարազատներ և ուրիշներ: Հատկանշական էր նաև այն փաստը, որ մեծարման ցերեկույթին միացել էին նաև Արտաշատի կապի զորամասի սպաներն ու զինվորները՝ մայոր Ռաֆիկ Համբարձումյանի գլխավորությամբ: Վերջիններս մինչ միջոցառման սկիզբը եղել էին ԵՊՀ պատմության թանգարանում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ երեք հերոսներից ոչ մեկին չէր ճանաչում, որովհետև նրանք էլ էին ուսանող, ինչպես մյուսները. «Զարմանալի բան է, բայց մեր զոհված տղերքն իրենց ճանաչել չեն տվել, նրանց ճանաչել ենք այնքանով, որքանով դասավանդել ենք: Հերոսությունը բացատրելու կարողություն, թերևս, ոչ ոք չունի, իսկ թե այդ առեղծվածն ինչպես է ի հայտ գալիս, չենք կարող վերլուծել: Մեր հերոս տղերքի օրինակն ու ապրած կյանքը մեզ «մարդանալու» հնարավորություն է տալիս և մատնանշում, թե ինչ ձևով պետք է ապրել… Եկեք շնորհավորենք ու հպարտանանք, որ նման հայրենակիցներ ենք ունեցել»:

«Վարդանանք» ակումբի լավագույն բարեկամ Արսեն Ղազարյանի խոսքերը հերոսների մասին բնորոշում էին ոչ միայն նրանց անցած ճանապարհն ու սխրանքները, այլև ուսանողության ու զինծառայողների շրջանում ավելի էին գոտեպնդում հայրենասիրական մեծ կամքն ու նվիրումը: Թերևս ճիշտ էր Արսեն Ղազարյանի այն բնորոշումը, որ սա ոչ այնքան մեծարման ցերեկույթ էր, որքան պարզապես բաց դաս ներկաների ու համալսարանականների համար, որտեղ ոչ միայն լսում, այլև սովորում էին ճիշտ հայ լինել:

«Նրանք երեքն էլ սովորական ուսանողներ էին և այնքա˜ն համեստ: Ինչպես մյուսները, ունեին իրենց ուսանողական առօրյա հոգսերն ու խնդիրները, շատ հաճախ էլ բացակայություններով ու երկուսներով: Իրականում հենց համեստության մեջ է իրական մեծությունը, որովհետև այսօրվա մեր ուսանողների մեջ էլ ես տեսնում եմ պոտենցիալ այդպիսի հերոսների, և եթե հայրենիքը պահանջեց, պահը եկավ, էլի կլինեն այդպիսի հերոսներ, ինչպիսիք են Ներսեսը, Ալեքսանն ու Պետոն»,- նշեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն էլ փաստեց, որ մեր երկրացիները դժվար պահերին դառնում են հենց երկրապահներ. «Մարտի դաշտում ես հանդիպեցի այն մարդկանց, որոնք ո՛չ զենք ունեին, ո՛չ էլ մասնագիտություն, բայց արի՛ ու տե՛ս, որ ես նրանցից շատ բան սովորեցի և հասկացա, որ կռվում, հաղթում են ո՛չ զենքով, ո՛չ էլ մասնագիտությամբ: Այդ հերոսները մեզ սովորեցրին, ամրապնդեցին, և մենք դարձանք մի բռունցք, որի միջոցով թշնամուն կարողացանք հաղթել: Եթե անկեղծ, ապա մենք մեր թշնամիներին պետք է լողալ սովորեցնենք, որպեսզի Կասպից ծովը լողալով անցնեն իրենց իրական երկիրը»:

Նշենք, որ միջոցառման ընթացքում «Վարդանանք» ակումբի անդամները հանդես եկան նաև գրական ընթերցումներով, իսկ Արտաշատի կապի զորամասի ժամկետային զինծառայողները՝ ազգային-հայրենասիրական երգերի կատարումներով: Պակաս ոգևորիչ չէր նաև «Վան» ազգագրական համույթի ելույթը:

Հովհաննես Վարդանյան 

Այլ Նորություններ