Մեր մասին

Շատ կարևոր է ` ինչպես ենք ապրում ,
Բայց առավել կարևոր է ` ինչի համար…
Իզուր չէ ասված. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

Հայաստանի հանրապետությունը, չնայած սահմաններում տիրող հարաբերական անդորրին, պատերազմի մեջ գտնվող երկիր է: Իսկ պատերազմող պետությանը անհրաժեշտ է մարտունակ, հզոր բանակ. հզոր ոչ միայն նյութապես, այլ նաև ոգով: Եվ, ահա, հայ ժողովրդի` հատկապես երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելու, ռազմահայրենասիրական գաղափարներ տարածելու և արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու նպատակով 1996 թ. Երևանի պետական համալսարանում հիմնադրվեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

Կարճ ժամանակահատվածում ակումբին անդամագրվեցին ուսանողներ` ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից: Եվ նրանք` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ, «Վարդանանք»-ի առջև դրված կարևոր նպատակին հասնելու համար բազմաթիվ ծրագրեր մշակեցին, որոնցից շատերը մինչև այսօր շարունակվում են իրականացվել: Կարևոր ենք համարում Ձեզ ծանոթացնել «Վարդանանք»-ի կողմից իրականացված ծրագրերից մի քանիսին, քանի որ հենց դրանց միջոցով է մեր ակումբը կատարում իր առաքելությունը:

2

1. «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում մեր ակումբականները այցելում են Երևանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում ուսուցչական կազմի հետ, արիության և հայրենասիրության դասեր անցկացնում աշակերտների հետ: Սրա արդյունքում, անշուշտ, բացի գլխավոր նպատակի իրականացումից, ամրապնդվում է նաև ԵՊՀ և դպրոցի միջև կապը: Ասենք, որ այսօր մեր համալսարանի շատ ուսանողներ այն ժամանակ, երբ դեռ իրենք դպրոցական էին, հենց այս այցելությունների շնորհիվ ընտրեցին Պետական համալսարան տանող ուղին և այսօր համալրում են «Վարդանանք»-ի շարքերը:

2. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» ծրագիրը իրականացվում է ԵՊՀ զոհված ազատամարտիկ-ուսանողների ծննդյան և մահվան օրերին. վարդանանքցիները հանդիպում են զոհված ուսանողների մարտական ընկերներին, հարազատներին:

3. 2003 թ.-ից անցկացվում է զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված շախմատի համահամալսարանական մրցաշար:

4. «Արդյունավետ մտածողություն» դասընթացի շրջանակներում անցկացվում է առաջին կուրսեցիներին ներհամալսարանական կյանքին հաղորդակից դարձնելու արագացված կուրս, ինչպես նաև տեղի են ունենում սեմինարներ` համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:

5. «Բարի գործ, բարի կամք, բարի ելք» կամավորական աշխատանքների ծրագրով մեր ակումբականները հանդիպում են մեր զոհված ուսանողների ծնողներին, այցելում են մանկատներ կամ ռեզերվ կենտրոններ, հանդիպում միայնակ, լքված մանուկների, ծերերի:

6. Իրականացվում է նաև «Հայոց մեծեր» օրացուցային շարքը, որի շրջանակներում վարդանանքցիները այցելում են հայ երևելիների տուն-թանգարաններ, կազմակերպում ընթերցումներ, ցուցահանդեսներ:

7. «Վարդանանք»-ի նախաձեռնությամբ անցկացվում է «Մարդը, իրավունքը, անհատը և հասարակությունը Հայաստանում» քաղաքացիական և հասարակական կրթության դասընթաց «Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտի» հետ համատեղ:

8. «Ճանաչիր հայրենի բնությունդ» ծրագրով վարդանանքցիները այցելում են տարբեր պատմա-ճարտարապետական կոթողներ, համալիրներ. օր` Գոշավանք, Ամբերդ, Գառնի,Գեղարդ, Խոր Վիրապ, Սաղմոսավանք և այլն: Այդ տարածքներում կազմակերպում են շաբաթօրյակներ և տվյալ ժամանակին համահունչ փոքր համերգ-ընթերցումներ:

9. «Վարդանանքի» նախաձեռնությամբ իրականացվում է ԵՊՀ խոցելի խմբի ուսանողների ներգրավում ակումբների աշխատանքներին և նպաստավոր պայմանների ստեղծում` սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով:

10. Եվ նաև ուսանողական բաժնի հետ համատեղությամբ իրականացնում ենք «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագիր, որի շրջանակներում հայտարարվում է բազմաբնույթ միջոցառումների տասնօրյակ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Կազմակերպվում են ցեղասպանության թեմայով ընթերցումներ տարբեր լեզուներով, ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ և այցելություն ցեղասպանության թանգարան:

11. «Վարդանանք»-ի, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Նորայր Մարության» հիմնադրամի համատեղ ուժերով անցկացվում է «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին» ակնարկների մրցույթը:

Կան ևս մի քանի ծրագրեր, որոնք իրականացնում է «Վարդանանքը», և չի բացառվում, որ ծնվեն նոր նախագծեր, կազմվեն նոր ծրագրեր, քանի որ ամեն տարի մեր ակումբի անդամ են դառնում ավելի ու ավելի շատ ուսանողներ` յուրաքանչյուրն իրենց առաջարկներով, իրենց մտահղացումներով: Ավելացնենք նաև, որ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մեծ դեր է կատարում նաև Համալսարանի և Հայկական բանակի միջև եղած կապը ամրապնդելու համար: Այդ նպատակով պարբերաբար այցելություններ են արվում տարբեր զորամասեր, կազմակերպվում միջոցառումներ:

Այս ամբողջ աշխատանքը, իհարկե, չէր կարող անուշադրության մատնվել հասարակության կողմից, և դրա վառ ապացույցն է 2002 թ. Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից «Վարդանանք»-ին ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լուրջ հաջողությունների հասնելու համար շնորհված Հայկյան մրցանակը: Իսկ 2007 թ.-ին «Վարդանանքի» նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, մայրերի խորհրդի նախագահ Մարո Սարգսյանը և ևս 10 վարդանանքցի արժանացան Կրթության և գիտության նախարարության կողմից պատվոգրի:

«Վարդանանքի» գործունեությունը հատկապես վերջին երկու-երեք տարիներին նոր թափ է առել, և մեր ակումբը լուրջ հաջողությունների է հասել: Նախ ասենք, որ «Վարդանանքի» նախաձեռնությամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորությամբ 2006-2007 թ.թ. համալսարանի տարբեր մասնաշենքերում բացվեցին զոհված ուսանող-ազատամարտիկների անվան 15 վերանորոգված լսարաններ, որտեղ և նրանց ծննդյան և մահվան օրերին տեղի են ունենում հանդիպումներ նրանց մարտական ընկերների, հարազատների հետ:

2007 թ.-ի «Վարդանանքի» կարևոր ձեռքբերումներից մեկն էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության հետ կնքած «Փոխըմբռնման հուշագիրը»: Ըստ հուշագրի` հաշվի առնելով, որ առողջ հասարակության և ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտության խնդիրը հանդիսանում է ինչպես հայաստանյան իշխանությունների, այնպես և քաղաքացիական հասարակության շահախնդիր երիտասարդական կառույցների հոգածության առարկա, և առաջնորդվելով քրիստոնեական, ռազմահայրենասիրական դաստիարակության համամարդկային և բարոյական բարձր արժեքներով` հետայսու ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը պատրաստակամություն են հայտնում համատեղ իրականացնել բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք հասարակական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը` երիտասարդության առավելագույն ներգրավմամբ: Հուսով ենք` այս համագործակցությունը շատ երկար կտևի, որովհետև կողմերի առջև դրված է նույն խնդիրը` հայրենիքի բարօրությունը:

Եվ վերջին ձեռքբերումը, անշուշտ, «Վարդանանք» պարբերականի հրատարակումն է` սկսած 2008 թ-ից: Այս պարբերականում լուսաբանվում են ինչպես «Վարդանանք»-ի գործունեությունը, այնպես էլ համալսարանական միջոցառումներ, շոշափվում են ուսանողությանը հուզող հարցեր, ընթերցողին են ներկայացվում ակնարկներ ազատամարտիկների և հայաստանի տարբեր վայրերի մասին: Մեր թերթի երկրորդ էջում մշտապես տեղադրվում են այդ և հաջորդ ամսին ծնված կամ զոհված մեր ուսանող-ազտամարտիկների անունները:

Այս ամենը, ինչ ներկայացրեցինք Ձեզ, իհարկե, անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ մեր հարգարժան ռեկտոր Արամ Սիմոնյանի անմիջական հովանավորությունը, որի համար մեր ակումբի բոլոր անդամների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում նրան: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի դեռ երկար ժամանակ: