Սարգսյան Տիգրան Սարգսի – Իրավաբանական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
tigran-sargsjan

Ծնվել է 1965 թ. ապրիլի 27-ին Երևանում: 1982 թ. ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը: 1983 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունը անցկացրել Լվովում տեղաբաշխված Հայկ Բժշկյանի (Գայի) անվան ՙԵրկաթյա դիվիզիայում՚: Եղել է հրետանու հետախուզական ջոկատի հրամանատար:
1985 թ. զորացրվել է և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը:
1988 թ. սկսված ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: 1988 թ. ապրիլ ամսին հիմնադրել է ՙՄեծ Հայք՚ հայրենասիրական կազմակերպությունը:
1989 թ. Տ. Սարգսյանը իր զինակից ընկերների հետ` ՙՄեծ Հայք՚, ՙԱզատություն՚, ՙՆորք՚ հայրենասիրական կազմակերպությունների միացման շնորհիվ ստեղծում է ՙՏիգրան Մեծ՚ ասոցիացիան և ընտրվում խորհրդի անդամ:
1990 թ. փետրվարի 15-ին Տ. Սարգսյանի համահեղինակությամբ հրապարակվեց հռչակագիր-ծրագիրը, որով սկիզբ դրվեց` ՙՄեծն Տիգրան՚ աշխարհազորային գնդի կազմավորմանը` իր հաստիքային կառուցվածքով, սպառազինությամբ և դրոշով: Տ. Սարգսյանը ընտրվում է գնդի շտաբի պետ, ռազմական խորհրդի անդամ` մասնակցելով Երասխավանի, Վայքի, Սիսիանի, Խնձորեսկի, Կոռնիձորի, Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին: 1990 թ. Տ. Սարգսյանը մշակել և իրականացրել է Հյուսիսային Արցախի, Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերը:
1990 թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր` աշխատանք տանելով իրավաբանական հանձնաժողովի կազմում:
1991 թ. նոյեմբերի 30-ին` Թոդան գյուղի` հակառակորդի կրակակետերի ոչնչացման ժամանակ ծանր վիրավորվում է ականի պայթյունից, և մի քանի օր անց` դեկտեմբերի 9-ին, ստացած վերքերից մահանում: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ640 հրամանագրով ՀՀ պաշտպանության և Արցախի ազատագրական պայքարում ունեցած բացառիկ դերի համար Տ. Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:
1998 թ. փետրվարին պարգևատրվել է ԵՊՀ պատվոգրով և արծաթե հուշամեդալով:
1994 թ. հոկտեմբերին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Տ. Սարգսյանի անվամբ, որը վերանորոգումից և կահավորելուց հետո վերաբացվեց 2007 թ. սեպտեմբերին:
Ամուսնացած էր, ունի մեկ որդի:

+

Տիգրան Սարգսյանի աշխատանքային փաստաթղթերից։

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ