«Սփյուռքի հայացքը միշտ դեպի հայրենիքն է».- Սաթենիկ Աբրահամյան

Նորություններ
10407226_950260161667030_3476218230264817189_n
ԵՊՀ-ի ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական ակումբի սաները հերթական ընթերցումներն ունեցան եղեռնի զոհերի հուշահամալիրում:
‹‹Վարդանանք›› ՌՀԴ ակումբի սաներն արդեն երկար տարիներ է՝ ‹‹երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության›› ծրագրի շրջանակներում ամեն ամսի 24-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին:Այս ամիս նույնպես, հավատարիմ մնալով հին ավանդույթին, ակումբի սաներն այցելեցին հուշահամալիր:
   Ամեն ամիս հանդիպումը կազմակերպում է ակումբի շնորհալի ուսանողներից մեկը: Այս ամիս պատասխանատուն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանն էր: Ընթերցումների թեման հայրենիքն էր: Ակումբի բոլոր սաներն ընթերցեցին հայ գրողների գործերը՝ նվիրված հայրենիքին, երգեցին հայրենասիրական երգեր և, իհարկե, ակումբի հիմնը՝ Վարդանի երգը: Վարդանանքցիների հետ էր նաև Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժնի վարիչ Նելլի Գասպարյանը , որը կատարեց Կոմիտասի ‹‹Կռունկ›› երգը և ‹‹Տեր ողորմեան››:        Հուշահամալիր այցելած զբոսաշրջիկները նույնպես միացան նրանց և հետաքրքրությամբ մասնակցեցին միջոցառմանը:
      Հանդիպման ավարտին Իր սրտի խոսքն ասաց ‹‹Վարդանանք›› ՌՀԴ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը.
       - Մենք մեր անկախությունն ու ազատությունը մեր հոգու մեջ ենք կրում: Այսօր մեր անկախության սերունդն է այստեղ, և դուք բախտավոր սերունդ եք, որովհետև դուք վերցրեցիք այդ անկախությունը, այնքան էլ չգիտակցելով, թե դա ինչ է: Որովհետև, եթե մարդը ստանում է ինչ-որ բան, նա պետք է ապրի դրա հետ, որ հասկանա դրա արժեքն ու համը: Ուստի խնդրում եմ՝ պահեք ձեր երկիրը. սա ձեր երկիրն է, պահեք այն՝ մեր ազգային արժեքներին ապավինելով, քանի որ առանց հետ նայելու, առանց ժառանգության դուք չեք կարող առաջ նայել, չեք կարող ձեր տեսլականը, ապագան կառուցել՝ առանց հիմք ունենալու այն, ինչ մեր մեծերը թողել են մեզ: Այսօրն այն կամուրջն է, որ միացնում է մեր անցյալն ու ներկան և, փառք Աստծո , որ բոլորս վայելում ենք այդ անկախությունը: Միայն ազատ և անկախ մարդը կարող է լավ մասնագետ լինել, ծառայել հայրենիքին: Հայրենիքը ձեր կարիքն ունի, և դուք պետք է ապրեք ձեր հայրենիքում, չբռնեք գաղթի ճանապարհը, հիշելով, որ սփյուռքի հայացքը միշտ դեպի հայրենիք է, և որ սահմանին կանգնած զինվորն ընտանիքի կարիք ունի…
     Ակումբի նախագահը նաև շեշտեց, որ յուրաքանչյուրս պետք է պայքարի հանուն խաղաղության. ‹‹Այս կոթողը, այս անմար կրակը նույնպես հանուն խաղաղության է, որովհետև ոչ մեկ առանց խաղաղության չի կարող գոյատևել: Իսկ 1994թ-ին կնքված հրադադարը խաղաղության հրադադար է: Արդեն 20 տարի է՝ ապրում ենք այս պայմաններում ու չգիտենք, թե ինչքան կապրենք: Մեր խնդիրն է գիտակցել, որ ամեն մեկս իր ապրումով, իր արարումով պետք է պայքարի և պատմությունը չմոռանալով ու զոհերի հիշատակները պահելով՝ հաղթի››:

Այլ Նորություններ