ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԸ «ԿՍՆՎԵՆ» ՆԱԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՂՈՎ

Նորություններ
EQz60G6TZJB8MN6jY2TFnFJai1
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վարդանանք» ակումբի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց-2014»-ի փակման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ակումբի խորհրդատու Քեյթի Գունդակչյանը, զոհված ուսանող ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մայրը, քույրը, Թաթուլ Կրպեյանի ու Վարդան Բախշյանի քույրերը, հարազատներ և ուսանողներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր գնահատելով «Վարդանանք» ակումբի կատարած աշխատանքները, նշեց. «Ողջունում և մեծ սիրով եմ ընդունում բոլորիդ, քանի որ դուք ընդգրկված եք մի ակումբում, որտեղ բարձր են գնահատում հայրենասիրական ոգին: Բացի կրթություն ստանալու կարևոր բաղադրիչներից` ուսանողները պետք է նաև այլ հետաքրքրություններ փնտրեն իրենց առօրյան հագեցած ու ինտելեկտուալ դարձնելու համար: Դուք այդ ամենն արդեն հասցրել եք վայելել, քանի որ ձեր կազմակերպած միջոցառումները փաստում են այդ ամենը»:

Շուրջ տասը օր տևած դասընթացների ընթացքում վարդանանքցիները քննարկել են տարբեր թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր, հանդես եկել բանավեճերով ու բազմաթիվ դիտարկումներով: Մասնակիցներին հյուրընկալվել են տարբեր ոլորտների լավագույն մասնագետները: Նրանք հասցրել են զրուցել նաև վրացահայության խնդիրների, Սիրիայի ներկայիս վիճակի, Հայաստանում տիրող քաղաքական դրության, PR ոլորտում հաջողություններ ունենալու, ինչպես նաև հոգեբանական մի շարք խնդիրների մասին:

«Ամառային դպրոց-2014»-ում ներգրավված են եղել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 76 ուսանողներ, այդ թվում` նաև համալսարանական զոհված ազատամարտիկների ուսանող-զավակները: Հատկանշական է, որ ծրագրին մասնակցել են նաև հայաստանյան այլ բուհերի ուսանողներ, ովքեր ցանկություն են հայտնել միանալու «Վարդանանքի» նախաձեռնությանն ու ԵՊՀ-ականների հետ մեկնելու Արցախ` ուխտագնացության:

«Վարդանանք» ակումբը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրով օգոստոսի 2-8-ը կիրականացնի «Միացյալ Հայաստան» ամառային կրթամշակութային արշավ-ուխտագնացություն` նվիրված ԵՊՀ 95 ու Հրադադարի 20-ամյակներին: Ինչպես նշեց ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ուխտագնացությունը կնպաստի ՀՀ և ԼՂՀ տարբեր բուհերի երիտասարդ դասախոսների, ուսանողների միջև համագործակցության ամրապնդմանը, ՀՀ և ԼՂՀ զորամասերում համատեղ ծրագրեր իրականացնելուն` նպաստելով երիտասարդություն-Հայոց բանակ կապի ամրապնդմանը:

Ըստ տիկին Աբրահամյանի` նախատեսվում է նաև կազմակերպել Հովհաննես Շիրազի 100 և Պարույր Սևակի 90-ամյակներին նվիրված պոեզիայի ընթերցումներ, ինչպես նաև Շուշի քաղաքում իրականացնել «Շուշի» փոքրիկ բեմականացումը:

Հավելենք նաև, որ Արցախ կատարած ուխտագնացության ընթացքում նախատեսվում են այցեր դեպի Նորավանք, Աղավնաձոր, Բերձորի համալսարանական պուրակ, Տիգրանակերտի վանք, Մատաղիսի, Ասկերանի և այլ զորամասեր: Վարդանանքցիները զորամասեր դատարկաձեռն չեն գնա. նրանք զինծառայողների համար արդեն պատրաստել են տարբեր գրքեր:

Նյուրի աղբյուր

Այլ Նորություններ