Տպավորություններ փակ և առեղծվածային Եղնիկներ զորամասից

Նորություններ
Vahe

Օգոստոսի 3-9 ընկած ժամանակահատվածում գտնվում էինք Արցախում: Հերթական անգամ մենք` ԵՊՀ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»ՌՀԴԱ –ի մասնակիցներով ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և զոհված ազատամարտիկների հարազատների հետ գանցել էինք հանդիպելու, շփվելու և մեր ամենաջերմ հույզերն ու ոգևորությունը կիսելու մեր հանգիստն ու խաղաղությունը պահպանող  քաջարի ու վեհ հայ զինվորի հետ: Ճանապարհը երկար էր, բայց միտքը, որ շուտով հանդիպելու ենք զինվորներին, տեսնելու ենք նրանց նիստն ու կացը, ավելի էր ոգևորում և լցնում մեր հոգիները ուրախությամբ: Ուղևորությունը շատ հագեցած էր` զորամասեր, հանդիպումներ, այցելություններ Արցախի տեսարժան և պատմական վայրեր, բայց մի զորամաս, որը այդպես տպավորվեց և դեռ շատ երկար ժամանաակ կմնա մեր բոլորիս հուշերում. այցելությունն դեպի «Եղնիկներ» կոչվող զորամաս:  Այն գտնվում է Արցախի ամենագողտրիկ ու թաքնված վայրերից մեկում` երկու հսկա ժայռերի մեջտեղում և կարծես ներքևից հսկում է շրջակայքի անդորրն ու թույլ չէր տալիս, որ որևէ բան խանգարի այդ խաղաղությունը: Ըստ լեգենդի` եղել է «Եղնիկներ» ջոկատը, որի անդամների մեծ մասը եղել են հիմնականում Շահումյանի շրջանից և այդ անունից էլ զորամասը իր շրջակայքով կոչվում է «Եղնիկներ»: Բոլորս էլ լսել էինք այդ զորամասի մասին և արդեն որոշակի կանխակալ պատկերացումներ ունեինք…և ահա մենք «Եղնիկներում»  ենք: Մեզ ընդառաջ են գալիս զինվորները` ուրախ, երջանիկ և հպարտ ժպիտներով, իսկ սպայական դասը` վեհ ու միայն հայ սպային բնորոշ ինքնվստահությամբ և հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումով լցված:  Վերաբերմունքը և ընդունելությունը այնքան ջերմ էր ու բարի, որ միանգամից հասկացվում  էր` մեր դիմաց կանգնած է զինվոր, ով անվախ է, քաջարի, բայց միևնույն ժամանակ ուսանող եղբայր, զավակ, ով երջանիկ է իր կարգավիճակով, հայ զինվոր լինելու հնարավորությամբ:

Զորամասում մենք խառնվեցինք զինվորների հետ, միանգամից հնչեց ազգային երգն ու պարը,  զինվորները, միանալով մեզ, սկսեցին ուրախ, ոգևորիչ կատարումներով մեզ նվագակցել: Եվ այդ պահին կարծես ամեն չարիք վերացել էր, ոչ մեկս չէինք մտածում, որ գտնվում ենք այն զորամասում,որի մասին այդքան լեգենդներ էինք լսել, ոչ մեկս չէր էլ փորձում հավատալ: Մենք մեր սեփական աչքերով տեսանք, որ «Եղնիկներ» զորամասը շնորհիվ իր հրամանատարների, սպայական կազմի ջերմ վերաբերմունքի զինվորի հանդեպ, զինվորի համար արդեն իսկ դարձել է երկրորդ տուն, վայր, որտեղ տղաները ապահով են իրենց զգում և որտեղից պատրաստ են ապահովել մեր` խաղաղ բնակիչներիս անդորրը: Մեզանից ոմանց բախտ վիճակվեց անձամբ շփվել և համոզվել, որ մեր սպաները ու զինվորները իրավամբ ամենահմուտն են, քաջարի և միշտ պատրաստ պաշտպանելու հայրենիքն ու իրենց ընտանիքները: Այդպիսի մի սպա էլ` կոչումով ավագ լեյտենանտ, Վ. Իսպիրյան էր, ով  ամբողջ ճանապարհին մեզ հետ էր և պատրաստակամությամբ և մեծ սիրով պատմում էր զինվորական կյանքի, նրա ամենօրյա կատարած ահռելի աշխատանքների, սխրագործությունների, զինվորին շրջապատող դժվարությունների մասին: Ավագ լեյտենանտ Վ. Իսպիրյանի հետ ունեցած մեր զրույցներից մենք հավաստիացանք, որ հայ զինվորի համար չկա որևէ արգելք, հայ զինվորը միշտ կանգնած է իր հողի վրա վստահ, քաջ, պատրաստ է անգամ իր կյանքը վտանգել, չնահանջել անգամ մահվան առաջ` հանուն հավատքի, իր ընտանիքի, իր հայրենիքի:

Ինչ խոսք, մինչ այժմ էլ դեռ տպավորված ենք նրա այն խոսքերից, որոնք նա ասաց մեզ հրաժեշտ տալիս. «Դուք հանգիստ գնացեք հարազատներս, մենք այստեղ ենք ու քանի դեռ մենք կանք, ձեզ վտանգ չի սպառնում»: Եվ ահա, մենք արդեն Երևանում ենք, յուրաքանչյուրս մեզ հետ բերել ենք հայոց բանակից մի հուշ-պատառիկ, որը երբեք չենք մոռանա:

 

Լիանա Մկրտչյան

Այլ Նորություններ