Ապրիլի 30-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակի օրն է

Հայտարարություններ, Նորություններ

Ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին ՀՀ Թալինի շրջանի Արեգ (2009 թ.` վերանվանված Թաթուլ) գյուղում: 1972-1982 թթ. սովորել է Արեգ գյուղի (1991 թ. անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անվան) միջնակարգ դպրոցում: 1982-1983 թթ. սովորել է Թալինի տեխնիկական թիվ 29 ուսումնարանում: 1983 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, սակայն 1985 թ.` սրտի ծանր վիրահատությունից հետո, զորացրվել է` ստանալով զինծառայության 2-րդ խմբի հաշմանդամության կարգ:
1986 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի նախապատրաստական բաժանմունք, իսկ այնուհետև` պատմության ֆակուլտետ: 1988 թ. անդամակցել է ՙՄիացում՚ կազմակերպությանը` դառնալով արցախյան շարժման ակտիվ մասնակիցը: 1990 թ. պատմության ֆակուլտետի դեկանի հետ համաձայնեցնելով հաճախումների գրաֆիկը` Թ. Կրպեյանը մեկնում է Գետաշեն որպես պատմության ուսուցիչ` իրականում Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավար:
Մարտական ընկերների հետ զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին Գետաշենում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող, Արցախը հայաթափելու ՙՕղակ՚ (кольцо) գործողությունը կանխելիս: Թ. Կրպեյանի աճյունը համագյուղացի զոհված ազատամարտիկների աճյունների հետ միասին ամփոփված է հայրենի Թաթուլ գյուղում, որտեղ կառուցված է նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
1992 թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Թ. Կրպեյանի անվամբ, որը վերանորոգումից և կահավորումից հետո վերաբացվեց 2007 թ.:
ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ648 հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար երկրապահ ջոկատի հրամանատար Թ. Կրպեյանին հետմահու շնորհվել է ՙՀայաստանի ազգային հերոս՚ ՀՀ բարձրագույն կոչում` հանձնելով ՙՀայրենիք՚-ի շքանշան:
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ 2000 թ. սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում սահմանվել է Թ. Կրպեյանի անվան ուսանողական կրթաթոշակ:
Թ. Կրպեյանի անունով է անվանակոչված նաև փողոց ՀՀ Թալին քաղաքում, ինչպես նաև նրա անունն է կրում ԼՂՀ Կովսական քաղաքի դպրոցը:
Ամուսնացած էր, ունի մեկ դուստր: ‘

Այլ Նորություններ