<<Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը>>: Գ. Նժդեհ

Նորություններ
LIL_5423_1600x1067

Նոյեմբերի 11-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ փառահեղ միջոցառում, որը նվիրված էր Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին: Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանն ու ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն: Միջոցառումը վարում էր ԵՊՀ «Վարդանանք» ամսաթերթի գլխավոր խմբագիր, ասմունքող Նաիրա Զեյնալյանը: Մեկնարկն ազդարարվեց զանգերի ղողանջով, ծառատունկով, ՀՀ օրհներգով: Այնուհետև էջ առ էջ բացվեց ու ցոլացավ Մոնթեի կյանքը, երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ ՊՆ «Զորական» համույթը, Դավիթ Ամալյանը, Լուսինե Օրդուխանյանը, Լուսինե Վարդանյանը, Հովհաննես Գրիգորյանը, վարդանանքցի Անի Սիսակյանը, թիվ 75 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Մինասյանը, պարային կատարումներով՝ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի «Մոնթե» պարային խումբը: Թանգարանը 60-ամյակի առիթով հանդես էր եկել նաև նոր ցուցադրությամբ՝ հանրությանը ներկայացնելով այնպիսի փաստեր ու նկարներ, որոնք մինչ այժմ փակ էին ու անհասանելի: Միջոցառման ընթացքում պարբերաբար խոսք էր տրվում Մոնթեի մարտական ընկերներին, որն ավելի էր մոնթեացնում մթնոլորտը: Բոլորս մի տեսակ դարձել էինք նրա ժամանակակիցն ու համախոհը: Բավականին սրտառուչ էին ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանի, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանի, Հմայակ Հարոյանի, Աստվածատուր Պետրոսյանի, գնդապետ Աիդա Սերոբյանի մեջբերումները, ովքեր իրենց խոսքում չէին մոռանում շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին և գնահատանքի ջերմ խոսքեր հղել նրանց:

-Մոնթեն շատ չէր խոսում: Սիրում էր զենքը. ասես զենքի հետ ծնված լիներ: Նա մեր հարստությունն էր, հույսը, մեր ժողովրդի փարոսը,-ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, իսկ Աստվածատուր Պետրոսյանը հավելեց.

-Նա սիրում էր գիշերով թափանցել թշնամու թիկունքը: Գիշերն անզեն աչքով ավելի լավ էր տեսնում, քան գիշերային հեռադիտակով: Տեսնում էր բոլոր զգայարաններով: Ազգային-ազատագրական մեծ բաղձանք ուներ, և այդ ճանապարհին չէր ընդունում ուրիշ ոչ մի գործոն:

Միջոցառումն, անշուշտ, հագեցած էր, բովանդակալից: Մեծ պատգամ-խորհուրդ ուներ իր մեջ և խորհրդանշում էր Մոնթեի երազանքների բոլոր ճանապարհները, որոնք այսօր էլ սկսվում են օտար հեռուներից հայորդիների՝ հայրենի օջախ վերադարձով և շրջադարձորեն հանգում հայրենասիրության ու հայրենաճանաչողության արժեհամակարգին:

Այլ Նորություններ