ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՎԻՐՎԱԾ ԷԻՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ

Նորություններ
vardananq
Նոյեմբերի 24-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հերթական անգամ կազմակերպել էր ծիծեռնակաբերդյան ընթերցումներ:

1996 թվականից սկսած` «Վարդանանք» ակումբի անդամները պարբերաբար իրականացնում են «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագիրը, իսկ 2007 թվականից միջոցառումների շարքում ավելացվեց նաև «Ընթերցումներ Ծիծեռնակաբերդում» ծրագիրը: Յուրաքանչյուր ամսվա 24-ին վարդանանքցիներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ վերհիշում հայտնի ու սիրված գրողների այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են Հայոց մեծ եղեռնը:

Սովորաբար այս միջոցառմանը մասնակցում են նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, կառույցների ու դպրոցների ներկայացուցիչներ: Ամռան ամիսներին եղել են նույնիսկ դեպքեր, երբ ծիծեռնակաբերդյան ընթերցումներին միացել են նաև օտարերկրացիներ:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ այդ օրը նախևառաջ հիշողության, պայքարի, ոգեկոչման ու հաղթանակի օր է, որն ամրագրված է երիտասարդության կողմից, այնուհետև հավելեց, որ այս ընթերցումները նվիրված են Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

«Ինչքան էլ մենք ներկայացնենք, որ մեր ժողովուրդը կոտորվել է, այնուամենայնիվ նաև պայքարել է, և որոշակի շրջանում եղել են մարդիկ, ովքեր ղեկավարել են ինքնապաշտպանությունը: Մենք` որպես անկախության ու հաղթանակած սերունդ, այսօր հավաքվել ենք ու ընթերցում ենք այն գրողների ստեղծագործություններից, որոնք պայծառացրել են այդ հիշողությունը, դարձրել թափանցիկ ու բարձրացրել երկինք: Ես կարծում եմ, որ այն երիտասարդները, որոնք նախապատրաստվում ու այդ օրը գալիս են Ծիծեռնակաբերդ, նրանք պայքարել գիտեն և կհաղթեն, իսկ հայոց դատը, ի վերջո, իր արդարությամբ սպիտակ ձեռնոց է նետելու ոճրագործներին»,- ասաց Սաթենիկ Աբրահամյանը:

Նոյեմբերյան ընթերցումներն էլ այս անգամ նվիրված էին հայտնի գրող Վահագն Դավթյանին: Ուսանողներն ընթերցեցին հատվածներ գրողի «Արաբկիր» շարքից և հայտնի մտավորականների` գրողի մասին բնորոշումներից:

Այն հարցին, թե ինչն է ստիպում ամեն ամսվա 24-ին գալ Ծիծեռնակաբերդ, «Վարդանանք» ակումբի անդամ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Վարդանյանը պատասխանեց, որ ոչ միայն ինքը, այլև շատերը Հայոց ցեղասպանությունը կապում են մեր անկախության պայքարի հետ, այսինքն` այն նաև մեզ ուժ է տալիս, որ երբեք մեր ունեցածը չկորցնենք և հույսներս դնենք միայն մեզ վրա:

Հավելենք, որ «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագրի շրջանակներում վարդանանքցիներն իրականացնում են նաև հայրենասիրական գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի դիտումներ, հանդիպումներ ցեղասպանագետների հետ ու երիտասարդների մասնակցությամբ գիտապրակտիկ գիտաժողովներ, որոնց միջոցով ուսանողները գիտական ուսումնասիրություններ են կատարում նաև Հայոց մեծ եղեռնի վերաբերյալ:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ