ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Uncategorized, Նորություններ
10676946_704978396205057_859109472_o

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներից անմասն չէր մնացել նաև ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

«Խաղաղություն և Գիտելիքի օր Եռաբլուրում» խորագրով միջոցառումը «Վարդանանք» ակումբն իրականացնում է տարիներ շարունակ: Իր ակումբականների, համախոհների և հյուրերի հետ շրջայց է կատարում Պանթեոնում և ծաղիկներ դնում համալսարանական զոհված ազատամարտիկ-ուսանողների շիրիմներին, քանի որ նրանց մեծ մասը հանգչում է հենց Եռաբլուրում: Անկախ այս ամենից՝ «Վարդանանքը» անտարբեր չի անցնում նաև ՀՀ տարբեր բուհերի այն զոհված ուսանողների կողքով, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի:

Վարդանանքցիներին միացել էին նաև գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» անսամբլի սաները (վերջիններս մշտապես մասնակցում են «Վարդանանքի» նախաձեռնություններին), Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանն ու ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ:

Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ այդ օրը խորհրդանշական է նրանով, որ զոհված ուսանող-ազատամարտիկները գիտակցված հայրենասիրությամբ պատգամ են թողել այսօրվա երիտասարդությանը ու մեզ են նվիրել հաղթանակի ու խաղաղության այս խորհրդավոր բերկրանքը, թեկուզ հրադադարի պայմաններում. «Մենք պետք է նրանց մշտապես մեր հիշողություններում պահենք: Նրանք մեր սրտում են, ամենուր, և հայրենիքը երբեք ու ոչ մի վայրկյան չի կարող մոռանալ նրանց տեսակն ու հայրենիքի հանդեպ ունեցած նվիրվածությունը: Եվ պատահական չէ, որ ամեն տարի՝ սեպտեմբերի 1-ին, մենք նրանց առանձնահատուկ ձևով ենք հիշում»:

Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը մեծ ոգևորությամբ նշեց, որ այսօր էլ շարունակում են նոր հերոսներ ծնվել. «Եռաբլուրում ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ փամփուշտ եմ շարել, որդուս ճանապարհել, և եթե հարկ լինի, թոռներիս համար էլ կշարեմ ու կճանապարհեմ: Հիշում եմ, որդուս խոսքերը՝ մա´մ, երբ ազգս բանակ ունենա բարձր կգոռաս… միշտ ասում էր՝ երբ ազգը բանակ ունենա, ժողովուրդը ապահով ձեռքերում կլինի: Իսկ այսօր արդեն ես առաջին մեծ հաղթանակը տեսնում եմ մեր երիտասարդության մեջ»:

Առանձնահատուկ է նաև այն փաստը, որ «Վարդանանք» ակումբը նրանց չի մոռանում նաև ստեղծագործական հարթության վրա: Գաղտնիք չէ այն, որ Արցախյան պատերազմում զոհված ուսանողներից շատերն ունեին նաև ստեղծագործելու հիանալի ձիրք: Եվ ահա այս ամենն էլ հաշվի առնելով՝ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Գնել Շահնազարյանի «Հայոց մայրեր» գրքի շնորհանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների հերոս մայրերին: Վարդանանքցիներն էլ մի քանի հայտնի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին այդ գրքից ու ներկայացրին հիշարժան դեպքեր:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան

Լուսանկարը՝ Լիլիթ Զեյնալյանի

Այլ Նորություններ