ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Նորություններ
cicernakaberd

Փետրվարի 24-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամներն իրականացրին ծիծեռնակաբերդյան հերթական ընթերցումները:

Արդեն երկար տարիներ է, ինչ «Վարդանանք» ակումբը յուրաքանչյուր ամսվա 24-ին «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագրի շրջանակում այցելում է Ծիծեռնակաբերդի բարձունք ու այնտեղ անցկացնում ընթերցումներ: Սովորաբար դրանք նվիրված են լինում հայ այն գրողների ստեղծագործություններին, ովքեր անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանը:

Փետրվարյան ըներցումներն էլ նվիրված էին «Նեմեսիս» գործողությանը, որի նպատակն է եղել պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ-ի Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Հարկ է արձանագրել, որ բացի վարդանանքցիներից` ընթերցումներին միացել էին նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտի կուրսանտները:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ «Նեմեսիս» գործողությանը նվիրված ընթերցումները պատահական չեն ընտրված. «Քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մնացել են հաշված օրեր, մենք որոշեցինք անդրադառնալ մի լուրջ գործողության, որն էական նշանակություն է ունեցել հայերիս համար: Բացի այդ՝ հասարակությունն էլ հասկացավ, որ այդ մարդկանց միջոցով կարող են պատժվել հանցագործները: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանցից շատերի զավակներն էլ, ինտեգրվելով այդ գործողություններում, որոշեցին փրկել աշխարհը՝ վնասազերծելով հանցագործներին»:

«Նեմեսիս» գործողությանն անդրադարձել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ «Վարդանանք» ակումբի լավագույն բարեկամ Գրիգոր Ջանիկյանը: Հենց նրա ուսումնասիրություններից էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթերցեցին վարդանանքցիները:

Ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Ամիրբեկյանը նշեց, որ անկախ զբաղվածությունից` ինքն ամեն ամսվա 24-ին մասնակցում է ընթերցումներին: ԵՊՀ ուսանողուհին ոգևորությամբ փաստեց, որ այդ ընթերցումները ուսանողներին մոտեցնում են ոչ միայն հեղինակներին, այլև Մեծ եղեռնից տուժած մեր զոհերի հոգիներին:

Տեղեկացնենք նաև, որ «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագիրը շարունակական է: «Վարդանանք» ակումբը մեծ միջոցառումներ է նախատեսում ոչ միայն ապրիլի 24-ին, այլև դրանից հետո:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

DSC_1919 OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Այլ Նորություններ