Հուլիսի 5-ին Փարսադանյան Արթուրի հիշատակի օրն է
Հայտարարություններ, ՆորություններԾնվել է 1966 թ. մայիսի 20-ին ՀՀ քաղաք Գորիսում: 1983 թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Չիտայի ռազմամոտորացված զորամասում: 1987 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:
1988 թ. արցախյան շարժման սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կամավորական ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Ա. Փարսադանյանը մասնակցել է փրկարարական աշխատանքներին:
Ա. Փարսադանյանը մեկն էր այն ուսանող-ազատամարտիկներից, որը կիսատ թողնելով ուսումնառությունը, զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Նա մասնակցել է Գորիսի, Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, Ագարակի պաշտպանական մարտերին` կանխելով ադրբեջանական հրոսակների մուտքը Սյունիք:
Ա. Փարսադանյանը զոհվել է 1990 թ. հուլիսի 5-ին` հայրենիքի անկախության համար մղվող պայքարում: Նրա աճյունն ամփոփված է Գորիս քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով Ա. Փարսադանյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
2007 թ. սեպտեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի կառուցվածքային երկրաբանության և քարտեզարության կաբինետը անվանակոչվել է Ա. Փարսադանյանի անվամբ: