
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Նորություններ
Մհեր Ջուլհաճյանը ծնվել է 1967 թ-ի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի թարգմանչաց վարժարանում:
1978 թվականից անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը, իսկ 1984-ից` ՀՅԴ «Րաֆֆի» երիտասարդական մասնաճյուղին: Ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետը` 1986-1992 թվականներին նույն համալսարանում աշխատել է որպես գիտաշխատող, տարբեր վարժարաններում դասավանդել բնագիտություն: 1989 թվականին Մհերը նշանակվել է ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ, իսկ 1990-ին անցել է ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը:
1992 թվականին Մհեր Ջուլհաճյանն ընդունվում է Երևանի պետական համալսարան և մինչև կյանքի վերջը սովորում ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնի ասպիրանտուրայում:
1992 թվականից մասնակցել է ԼՂՀ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական մարտերին և զոհվել է 1993 թ-ի օգոստոսի 23-ին Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան, Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան) ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 2003 թ-ի մայիսի 8-ի ՆN37 հրամանով՝ Մհեր Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
2007 թ-ի նոյեմբերին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետն անվանակոչվել է Մհեր Ջուլհաճյանի անվամբ: