ՄԱՅՐ ԲՈՒՀՆ ԻՐ ԼՈԻՄԱՆ ՈՒՆԻ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Նորություններ
DSC_6066
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հերթական հանդիպումը համալսարանականների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Սեյրան Օհանյանը միշտ էլ ցանկալի հյուր է եղել Մայր բուհում, քանի որ նախարարի հետ մարդաշատ հանդիպումները բավականին ջերմ մթնոլորտում են անցնում:

«Ողջունում եմ նախարարի պատրաստակամությունը տարին մի քանի անգամ համալսարանականների հետ հանդիպումներ նախաձեռնելու գործում: Վստահ եմ՝ այս հանդիպումների մեջ փոխադարձ հետաքրքրություն կա»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Սեյրան Օհանյանի հետ քննարկումների ընթացքում երկուստեք համաձայնություն և պայմանավորվածություն է ձեռք բերվել էլ ավելի ամրապնդելու, բազմաշերտ և շարունակական դարձնելու բուհ-բանակ համագործակցությունը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ իր համար միշտ էլ պատիվ է գտնվել Մայր բուհում և համալսարանականներին ներկայացնել բանակի հաջողությունները, ձեռքբերումներն ու անընդհատ կատարվող բարեփոխումները, մանավանդ, որ ԵՊՀ-ն՝ ի դեմս իր ուսանողների, իր լուման ունի վերը նշված գործընթացներում:

«Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերում բավականին մեծ տեղ է հատկացվում կրթական համակարգի հետ իրականացվող միջոցառումներին: Մեր բանակը ծնվել է հասարակության ծոցից, ուստի մեր պարտքն ենք համարում հասարակությանը ներկայացնել բանակի խնդիրներն ու բարեփոխումների ծրագրերը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախարարը խոսեց ռազմական կրթության համակարգից, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման աշխատանքներից, բանակի առօրյայից, մարտական հերթափոխության առանձնահատկություններից, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերից և ընդհանրապես բանակում պարբերաբար կատարվող բարեփոխումներից:

Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն ռազմական և կրթական համակարգերի համագործակցությանը, այլև ՀՀ ԶՈՒ սպառազինությանը, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող ներկայիս վիճակին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման վրա միջազգային կառույցների ազդեցությանը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ նախարար Սեյրան Օհանյանը ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապերի ամրապնդման համար, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ մեդալներով և խորհրդանշական նվերներով պարգևատրեց մի շարք համալսարանականների.

ՀՀ ԶՈՒ պատվոգիր

  • Հռիփսիմե Գալստյան՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամ,
  • Սասուն Կոստանյան՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամ

«Վազգեն Սարգսյան» մեդալ

  • Ռուզաննա Ավագիմյան՝ ԵՊՀ ուսանող, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամ, համալսարանական զոհված ազատամարտիկ Վաչագան Ավագիմյանի քույրը

«Ծովակալ Իսակով» մեդալ

  • Վահագն Վարագյան՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ, կենս. գիտ. թեկնածու

«Դրաստամատ Կանայան» արծաթյա ոսկեպատ հուշամեդալ

  • Զարուհի Հակոբյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, արվեստագիտության թեկնածու

ՀՀ ԶՈՒ զինանշանով ձեռքի ժամացույց

  • Ռաֆֆի Քարամյան՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

ՀՀ ԶՈՒ զինանշանով բաժակ

 Ալվինա Աղաբաբյան՝ ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար

Այնուհետև Սեյրան Օհանյանը Արամ Սիմոնյանին հանձնեց հուշանվեր, ԵՊՀ ռեկտորն էլ իր հերթին նախարարին նվիրեց մեծանուն նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» խորագիրը կրող գործերի ալբոմը:

Հեղինակ՝ Վարդուհի Զաքարյան / ysu.am

Այլ Նորություններ