Մարտի 9-ը Վարդան Ստեփանյանի(Դուշման) ծննդյան օրն է

Նորություններ
Dushman_Vardan_Stepanyan

Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում:1973-1983թթ. սովորել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում:
1984-1986թթ. Վ.Ստեփանյանը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումներում:Ծառայության ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար 1986թ. մարտի 21-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով, 1988թ. փետրվարի 23-ին՝ <<ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի>> հոբելյանական մեդալով:Աֆղանստանի նախագահի 1988թ. մայիսի 10-ի հրամանագրով պարգևատրվել է <<Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից>> մեդալով, իսկ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նախագահության հոկտեմբերի 16-ի հրամանագրով՝ <<Վետերան-ինտերնացիոնալիստին>> հոբելյանական մեդալով:
Զորացրվելուց հետո՝ 1986թ. ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, սակայն Արցախյան շարժումը ստիպեց Վ.Ստեփանյանին կիսատ թողնել համալսարանում ուսումը և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: 1988թ. նա ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջաններ և Արցախ զենք-զինամթերք ուղարկելու գործին:
1989-1992թթ. Վ.Ստեփանյանը մասնակցել է Իջևանի,Նոյեմբերյանի,Շամշադինի,Արարատի,Վարդենիսի,Գորիսի և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին:Ակտիվ մասնակցություն է ունեցել Խոջալուիի,Շուշիի,Լեսնոյի,Կրկժանի,Մալիբեյլուի,Բերձորի (Լաչինի),Մարտակերտի,Ասկերանի,Բերդաձորի և այլ բնակավայրերի ազատագրմանը:
Վ.Ստեփանյանը զոհվել է ականի պայթյունից 1992թ. հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիչեն գյուղի ճանապարհին,մարտական կարևոր առաջադրանք կատարելիս:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. թիվ 0259-1 որոշմամբ Վ.Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ. մայիսի 6-ի թիվ 0334-1 որոշմամբ արժանացել է <<Շուշիի ազատագրման համար>> մեդալի:ԼՂՀ պաշտպանության նախարարի 1995թ. հունվարի 29-ի թիվ 13 հրամանով Վ.Ստեփանյանը հետմահու ստացել է կապիտանի կոչում:ՀՀ նախագահի 1996թ սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով,նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով՝ <<1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով:
1998թ. փետրվարին նրան հետմահու շնորհվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալ:
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր մարտիկ-ինտերնացինալիսիտների գործերով կոմիտեի 2005թ. փետրվարի 19-ի որոշմամբ հետմահու պարգևատրվել է <<Մարտական գործողությունների վետերան>>մեդալով:
1994թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ.Ստեփանյանի անվամբ,որը վերանորոգումից և կահավորումից հետո կրկին վերաբացվել է 2007թ. սեպտեմբերին:
ԼՂՀ Շուշի քաղաքի փողոցներից մեկը կրում է <<Դուշման-Վարդան Ստեփանյան>> անունը: Երևանի Գ.Նժդեհի 56 հասցեում գործում է <<Դուշման-Վարդան Ստեփանյան>> տուն-թանգարան գրադարանը: ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում կանգնեցծավ է հուշակոթող՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այլ Նորություններ