Մարտի 9-ին Վարդան Ստեփանյանի (Դուշման) ծննդյանն օրն է

Նորություններ

Ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում: 1973 -1983 թթ. սովորել է Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում:
1984-1986 թթ. Վ. Ստեփանյանը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումներում: Ծառայության ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար 1986 թ. մարտի 21-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է ՙ За отвагу՚ (Արիության համար) մեդալով, 1988 թ. փետրվարի 23-ին` ՙ70лет воорженных сил СССР՚ (ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի) հոբելյանական մեդալով: Աֆղան ստանի նախագահի 1988 թ. մայիսի 10-ի հրամանագրով պարգևատրվել է ՙВоинуинтернационалисту от благодарного афганского народа՚ (Մարտիկ ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով, իսկ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նախագահության հոկտեմբերի 16-ի հրամանագրով` ՙВетерану-интернационалисту՚ (Վետերան-ինտերնացիոնալիստին) հոբելյանական մեդալով:
Զորացրվելուց հետո` 1986 թ., ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն Արցախյան շարժումը ստիպեց Վ. Ստեփանյանին կիսատ թողնել համալսարանում ուսումը և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: 1988 թ. նա ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջաններ և Արցախ զենք ու զինամթերք ուղարկելու գործին:
1989-1992 թթ. Վ. Ստեփանյանը մասնակցել է Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին: Ակտիվ մասնակցություն է ունեցել Խոջալուի, Շուշիի, Լեսնոյի, Կրկժանի, Մալիբեյլուի, Բերձորի (Լաչինի), Մարտակերտի, Ասկերանի, Բերդաձորի և այլ բնակավայրերի ազատագրմանը:
Վ. Ստեփանյանը զոհվել է ականի պայթյունից 1992 թ. հուլիսի 3-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի ճանապարհին, մարտական կարևոր առաջադրանք կատարելիս: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993 թ. թիվ 0259-1 որոշմամբ Վ. Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. մայիսի 6-ի թիվ 0334-1 որոշմամբ արժանացել է ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալի: ԼՂՀ պաշտպանության նախարարի 1995 թ. հունվարի 29-ի թիվ 13 հրամանով Վ. Ստեփանյանը հետմահու ստացել է կապիտանի կոչում: ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով, նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով` ՙ1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից՚ կրծքանշանով:
1998 թ. փետրվարին նրան հետմահու շնորհվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալ:
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր մարտիկ-ինտերնացիոնալիստների գործերով կոմիտեի 2005 թ. փետրվարի 19-ի որոշմամբ հետմահու պարգևատրվել է ՙВетеран боевых действий՚ (Մարտական գործողությունների վետերան) մեդալով: Նույն պարգևը ստացել է նաև 2007 թ. փետրվարի 23-ին:
1994 թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Ստեփանյանի անվամբ, որը վերանորոգումից և կահավորումից հետո կրկին վերաբացվել է 2007 թ. սեպտեմբերին:
ԼՂՀ Շուշի քաղաքի փողոցներից մեկը կրում է ՙԴուշման Վարդան Ստեփանյան՚ անունը: Երևանի Գ. Նժդեհի 56 հասցեում գործում է ՙԴուշման-Վարդան Ստեփանյան՚ տուն-թանգարան գրադարանը:
ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում կանգնեցված է հուշակոթող` նվիրված Վ. Ստեփանյանի հիշատակին:

Այլ Նորություններ