«Շնորհակալությո՛ւն, որ ընտրել եք հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը…»

Նորություններ
12630981_927163140653247_462969886_o

Հունվարի 24-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբն անցկացրեց ռազմահայրենասիրական հերթական դասը:

 «Անմահները հրամայում են…» խորագիրը կրող միջոցառումների շարքը տարեցտարի կատարելագործվում է՝ իր շուրջը համախմբելով տարբեր կրթական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Տարիներ առաջ արդյունավետ համագործակցության սկիզբ է դրվել ԵՊՀ «Վարդանանք» ակումբի և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի միջև: Ակումբի կառուցողական աշխատանքի արդյունքում համալսարանական երիտասարդները շփվում և փորձի փոխանակում են կատարում ապագա սպաների հետ: Անխոս, տարիների արդյունավետ և նպատակային աշխատանքը տալիս է իր պտուղները. այն է՝ ուսանողը ծանոթանում է ռազմական ոլորտի առանձնահատկություններին, իսկ համալսարանականների կազմակերպած մշակութային և ինտելեկտուալ միջոցառումների շնորհիվ ամրապնդվում է ապագա սպաների հայրենասիրական ոգին:

Թեև օրն անբարենպաստ էր, այնուամենայնիվ վարդանանքցիները որոշել էին հանդիպել ապագա սպաներին: Զինվորական կրթօջախում բարի ավանդույթ է դարձել. հյուրերը նախ այցելում են թանգարան, որտեղ մեկտեղված են ոչ միայն Արցախյան ազատամարտի, այլև ռազմական ոլորտի մի շարք կարևոր փաստաթղթեր ու իրեր: Վարդանանքցիներին մանրամասն ներկայացվեցին ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսների կենսագրությունները, պատմական դրվագներ, յուրօրինակ սխրանքներ և այլն: Գիտատեղեկատվական մասն ավարտելուց հետո թանգարանի տնօրենը պատասխանեց համալսարանականներին հուզող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին Արցախյան ազատամարտում մարտնչած տղաների գործունեությանը և պատերազմական այս կամ այն դիպվածին:

12571062_927163213986573_603486028_n 12583974_927163203986574_1367565901_n

Միջոցառման սկզբում համալսարանականներին ողջունեց Ռազմական ինստիտուտի փոխգնդապետ Սամվել Խաչատրյանը: Նա հատկապես շեշտեց, որ Ռազմական ինստիտուտը Մայր բուհի հետ համագործակցում է մի շարք ուղղություններով, ինչը նպաստում է, որ ռազմաուսումնական հաստատության շրջանավարտները տարածաշրջանում մրցունակ լինեն ոչ միայն ռազմական ասպարեզում, այլև գիտակ տարբեր ոլորտներից: Փոխգնդապետն այդ առումով շատ խնդիրներ ու անելիքներ է տեսնում, թեև համոզված է, որ տարիների ընթացքում առկա խնդիրներն այլևս տեսանելի չեն լինելու: Պարոն Խաչատրյանը վստահ է՝ այդ խնդիրների լուծմանը նպաստելու են նմանաբնույթ այցելություններն ու արդյունավետ համագործակցությունը:

Քանի որ 2016 թ.-ին լրանալու են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկներ Վարդան Ստեփանյանի (Դուշման), Նորայր Մարությանի և Արսեն Փարսադանյանի ծննդյան 50-ամյակները, այդ իսկ պատճառով «Անմահները հրամայում են…» խորագիրը կրող միջոցառմանը հիմնականում ներկայացվեցին նրանց կյանքին ու մարտական սխրանքին առնչվող տեղեկություններ: Ակտիվ վարդանանքցիները, երգելուց զատ, ասմունքեցին նաև Արցախյան ազատամարտում հերոսացած տղաների գրած բանաստեղծություններից: Ի դեպ, միջոցառմանը միացել էին նաև Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, ու Նորայր Մարությանի քույրը՝ Սվետլանա Մարությանը:

Հաջորդիվ անդրադարձ կատարվեց ԵՊՀ «Վարդանանք» ակումբի գործունեությանը: Նշվեց, որ 20 տարիների ընթացքում ակումբը բազմաթիվ ու տարաբնույթ ռազմահայրենասիրական, գիտաճանաչողական միջոցառումներ է կազմակերպել ոչ միայն Մայր բուհում, այլև մի շարք անվանակոչված կրթական հաստատություններում, Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում: Մանրամասն խոսվեց նաև «Միացյալ Հայաստան» ամենամյա կրթամշակութային արշավ-ուխտագնացության մասին, որը լեգենդար անհատի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մասնակցությամբ յուրաքանչյուր տարի անցկացվում է Արցախում:

ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց հրամանատարական կազմին, կուրսանտներին ու ողջ հայությանը. «Սիրելի՛ ապագա սպաներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում, որ ընտրել եք հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, չէ՞ որ դա ամենապատվաբերն է, պարտավորեցնողն ու ամենասիրելին: Եղե՛ք համարձակ և Ձեր տեսակով առանձնացե՛ք Ձեր հասակակիցներից: Այդպիսին էին նաև Արցախյան և մերօրյա այն հերոսները, ովքեր օրինակ են և իրենց անմահությամբ այսօր հրամայում են անսահման սիրել հայրենիքը…»:

Միջոցառման ավարտին էլ ապագա սպաներն ու վարդանանքցիները ներկայացրին իրենց «Վարդանանք» և «Կուրսանտ» ռազմահայրենասիրական թերթերը, կարևորվեցին թերթերի էջերում տեղ գտնող նյութերն ու դրանց բովանդակային առանձնահատկությունները:

 Հովհաննես Վարդանյան

Լուսանկարները՝ Լիլիթ Զեյնալյանի

Այլ Նորություններ