
ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԷԻՆ
Նորություններ
«Խաղաղության և գիտելիքի օր Եռաբլուրում» խորագրով միջոցառումը «Վարդանանք» ակումբն իրականացնում է տարիներ շարունակ: Ակումբականները, համախոհները և հյուրերը շրջայց են կատարում պանթեոնում և ծաղիկներ դնում համալսարանական զոհված ազատամարտիկ-ուսանողների շիրիմներին, քանի որ նրանց մեծ մասը հանգչում է հենց Եռաբլուրում: Ընդ որում՝ «Վարդանանքը» հարգանքի տուրք է մատուցում նաև ՀՀ տարբեր բուհերի զոհված ուսանողների հիշատակին:
Սեպտեմբերի 1-ին վարդանանքցիներին միացել էին նաև գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը, ակումբի սաները (նրանք մշտապես մասնակցում են «Վարդանանքի» նախաձեռնություններին), Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանն ու ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ:
Արցախյան ազատամարտի մասնակից, համալսարանական ջոկատների ղեկավար Իգոր Սարգսյանը ներկաներին վստահեցրեց, որ տղաներից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ գնում է իմացյալ մահվան. «Այսօր դուք ձեր ներկայությամբ մեր զոհված տղաներին ասում եք, որ իրենց թափած արյունն իզուր չէ, այլ կյանքի շարունակականություն է: Եռաբլուր գալիս են մարդիկ, ովքեր գիտակցում են, որ աշխարհում իշխում է պայքարը, իսկ այդ պայքարը զոհաբերություն է: Մեր տղաներից յուրաքանչյուրը զոհաբերվեց հանուն հայրենիքի: Հիմա, երբ արդեն խաղաղություն է, մեզ այլ զոհաբերություններ են անհրաժեշտ. մեզ ու մեր ազգին անհրաժեշտ է կրթված, գիտակից ու նվիրյալ սերունդ ունենալ»:
Արցախյան պատերազմում զոհված ուսանողներից շատերն ունեին նաև ստեղծագործելու հիանալի ձիրք: Եվ ահա այդ իրողությունը հաշվի առնելով` միջոցառման ընթացքում տեղի ունեցան Արցախյան պատերազմին նվիրված ընթերցումներ: Կարևորվեց նաև այն փաստը, որ ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկներն ունեցել են յուրօրինակ գրիչ: Նրանց բանաստեղծություններն այսօր ընթերցվում են ինչպես դպրոցներում, այնպես էլ լույս են տեսնում գրքերի տեսքով:
Սեպտեմբերմեկյան միջոցառման հեղինակն ակումբական Անուշ Ամիրբեկյանն էր, ով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորելուց հետո ներկայացրեց ընթերցանությունների և ընտրված բանաստեղծությունների խորհուրդը: Օրվա կարևորությանն անդրադարձավ նաև ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր ամեն տարի իրենց պարտքն են համարում սեպտեմբերի 1-ին լինել Եռաբլուր զինվորական պանթեոնում. «Մեր հերոս տղաները նույնպես սեպտեմբերի 1-ը համարում էին իրենց կյանքի լավագույն օրերից մեկը: Ընկերներով հավաքվում և նույնիսկ նշում էին այն: Մենք այսօր նրանց չապրած կյանքի օրերն ենք ապրում: Նրանք ապավինում էին կրթությանը և համարում, որ Հայաստանի փրկությունը կրթության մեջ է: Տղաներն իրենց մահով կնքեցին անմահություն…»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ