ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԸ ՎԱՌ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Նորություններ
Վարդանանք

Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը «Անմահները հրամայում են…» ծրագրի շրջանակներում իրականացրեց հերթական միջոցառումը:

Մշտապես անցկացվող ծրագիրն այս անգամ նվիրված էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Արսեն Ղազարյանի հիշատակին: Վարդանանքցիներն այցելել էին ազատամարտիկի ծննդավայր՝ Հրազդան քաղաք: Նախ Հրազդանի` հերոսի հայրենի տան մոտակայքում տեղակայված հուշաքարի մոտ անցկացվեց միջոցառում: Ակումբականները ներկաներին հիշեցրին Արսենի հերոսական քայլերն ու առանձնահատուկ կերպով անդրադարձան ոչ միայն նրա մարտական պատրաստվածությանը, այլև ընկերասիրությանն ու հայրենիքի նկատմամբ անձնուրաց սիրուն:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ Արցախյան գոյապայքարում զոհված տղաները լավ էին պատկերացնում, թե ինչն են ազատագրում. «Այսօր, երբ քայլում ենք ազատագրված հողերի վրայով, տեսնում ենք այն հպարտությունը, որը հասու էր հենց նրանց… Ուրախությամբ ու ոգևորությամբ պետք է նշեմ նաև, որ ամեն անգամ, երբ լինում ենք Արցախում, լեռների կողքով անցնելիս լսում ենք նաև տղաների սրտի տրոփյունը: Այս և մնացած բոլոր հուշարձանները պետք է ապրեն ու ապրեցնեն նրանց, ովքեր Արսենի և մյուսների նման հայրենիքը սիրել ու գնահատել գիտեին»:

Վերհիշելով Արսեն Ղազարյանի ապրած 25 տարիները` նրա և՛ մանկության, և՛ մարտական ընկերները միաբերան փաստեցին, որ նա տարբերվում էր իր շրջապատի մյուս տղաներից: ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկի հարազատներն ու ընկերները, ողջունելով «Վարդանանք» ակումբի նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեցին և շեշտեցին, որ հերոսների անունները վառ պահելը նույնպես հերոսություն է և միևնույն ժամանակ հայրենասիրության հրաշալի դրսևորում:

Հուշաքարին ծաղիկներ դնելուց հետո ակումբականները շտապեցին բարձրանալ այն տունը, որտեղ ժամանակին ապրել է Արսեն Ղազարյանը: Ազատամարտիկի մայրը՝ Զարիկ Ղազարյանը, ներկաներին ցուցադրեց ոչ միայն լուսանկերներ որդու անձնական արխիվից, այլև խոսեց այն զենքերի ու իրերի մասին, որոնց միջոցով որդին պատերազմում լուրջ դերակատարություն է ունեցել: Ապա ծրագրի մասնակիցներն այցելեցին Արսեն Ղազարյանի շիրիմին, որը գտնվում է Մեղրաձոր գյուղի գերեզմանատանը:

«Որդիս չէր կարողանում ընդունել այն երիտասարդներին, ովքեր պատերազմում մասնակից լինելու փոխարեն նախընտրում էին փախչել երկրից կամ նստել տանը: Անգամ այն ժամանակ, երբ Արցախում վիճակը բարդ էր ու անկախատեսելի, Արսենը հավատում էր, որ հաղթանակ տեսնելու է: Գալիս էր տուն, չէր խոսում, նախընտրում էր լռել ու լռության մեջ ցույց տալ իր ապրումները: Մարտական ընկերների կորստի մասին էլ մեծ ցավով էր խոսում… Նրա յուրաքանչյուր այցից հետո ես ուրիշ Արսենի էի տեսնում` մեծացած ու հասունացած»,- ասում է տիկին Զարիկն ու հավելում, որ որդին, անգամ եթե ողջ լիներ, հիմա նորից դիրքերում կլիներ…

Վարդանանքցիներն օրն ավարտեցին ուխտագնացությամբ: Արսեն Ղազարյանի ընկերների, հարազատների հետ այցելեցին Մեղրաձորի Տրդատավանք վանական համալիր, որը 13-րդ դարի կառույց է: Այստեղ ևս իր մանկությունն է անցկացրել Արսեն Ղազարյանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլ Նորություններ