Հանդիպում «Հայ հերոսուհի կանայք» գրքի հեղինակի հետ

Նորություններ
17918790_984545148348763_1280981818_n (2)

ԵՊՀ հրատարակչության կողմից լույսընծայված «Հայ հերոսուհի կանայք» և «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտերի տարիներին» գրքերում ներկայացված են հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններում, այդ թվում՝ ինքնապաշտպանական հերոսամարտերի տարիներին սխրանքներով աչքի ընկած հայուհիների գործունեությունը, ինչպես նաև 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցած հերոս հայուհիների կյանքը և քաջագործությունները:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Ազատամարտիկ կանայք» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանը, «Անահիտ» ջոկատի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ակումբի անդամներ և ուրիշներ:

«Հայ կանանց հերոսական գործունեության օրինակով մենք նոր սերունդ կդաստիարակենք: Այսօր բանակում ծառայության մեջ ընդգրկված շատ աղջիկներ կան, որոնք ոգևորիչ դեր են կատարում: Ծրագրում նոր գրքեր հրատարակելու մտադրություն ևս ունենք, որոնցում կներկայացվեն նորօրյա հերոսուհիները»,- նշեց Էդիկ Մինասյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հետաքրքիր և արժեքավոր գրքերի ստեղծման պատմությանը, լսելու հեղինակի մեկնաբանությունները:

«Մեր պատմության էջերից մենք միայն մի մասը գիտենք, և կան հատվածներ, որ նոր ենք իմանում կամ դեռ պիտի իմանանք: Այս գրքերը շատ օգտակար են: Մեր հայ կանանց, նրանց հերոսական կերպարների մասին մենք պետք է միշտ կարդանք և խոսենք»,- կարևորեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հանդիպման ընթացքում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաները ընթերցեցին գրքերից հատվածներ, ինչպես նաև ներկայացան հայրենասիրական երգերի կատարումներով:

Այլ Նորություններ