ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Նորություններ
12249982_910825072337472_3857178135721397730_n

Նոյեմբերի 13-14-ը Տավուշի մարզ էին այցելել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները:

ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպված այցի ընթացքում ակումբականները նոյեմբերի 13-ին նախ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Նրանք հանդիպեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի և «Տավուշ» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների հետ: Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող հանդիպման նպատակն էր երիտասարդ ակումբին փոխանցել «Վարդանանք»-ի 19-ամյա փորձն ու օգնել, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել այնպիսի ծրագրեր ու միջոցառումներ, որոնց միջոցով վառ կպահվի Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների ու դասախոսների հիշատակը:

Վարդանանքցիները մանրամասն ներկայացրին այն կարևոր ու առաջնային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում տարվա ընթացքում: «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի առաջարկով՝ այսուհետ պարբերաբար այցելություններ կկազմակերպվեն՝ այդ կերպ ամրացնելով երկու ռազմահայրենասիրական ակումբների միջև կապը: Տիկին Աբրահամյանը վստահ է՝ և՛ Երևանի պետական համալսարանում, և՛ համալսարանի Իջևանի մասնաճյուղում շատ են այն ուսանողները, ովքեր տեղեկացված են ու ցանկանում են մասնակից լինել կազմակերպվող միջոցառումներին, պարզապես խնդիրը ճիշտ համակարգման և նրանց ակումբ ներգրավելու մեջ է:

Այնուհետև վարդանանքցիներն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր ֆակուլտետներ, ուսումնասիրեցին համալսարանի շենքային հնարավորությունները, պայմաններն ու ծանոթացան կրթական ծրագրերին: Կիրառական արվեստի ֆակուլտետում համալսարանականները մեծ բացահայտումներ արեցին. ցուցադրված էին վիտրաժներ, բազմաթիվ գորգեր, նկարներ ու կոլաժներ, որոնց հեղինակները Տավուշի մարզի երիտասարդներն էին:

«Վարդանանք» և «Տավուշ» ակումբների անդամները այցելեցին Տավուշի N զորամաս, հանդիպեցին հայրենիքի պաշտպանների հետ: Հրամանատարական կազմը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով ողջունեց համալսարանականների նախաձեռնությանը: Անցկացվեց համատեղ միջոցառում, որն ուղեկցվեց հայրենասիրական երգերով, պարերով, ինտելեկտուալ խաղերով և այլն: Ելույթներ ունեցան նաև զինվորները:

Կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթի հաղթողներն էլ պարգևատրվեցին ԵՊՀ հրատարակչության կողմից տրամադրված գիտական ու գեղարվեստական բազմաթիվ գրքերով: Բացի այդ՝ «Վարդանանք» ակումբն այս անգամ ևս զորամաս դատարկաձեռն չէր գնացել. «Նվիրի՛ր գիրք հայ զինվորին» ծրագրի շրջանակում հավաքված մի շարք գրքեր նվիրվեց զորամասի գրադարանին:

Նոյեմբերի 14-ին էլ վարդանանքցիներն ու տավուշցի երիտասարդները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում իրականացրին «Երիտասարդություն-հայրենասիրություն» խորագրով բանավեճ: Միջոցառման նախաձեռնողներն ակնկալում էին պարզել, թե ուսանողները որքանով են պատրաստ հարկ եղած դեպքում վարել դիվանագիտական բանակցություններ՝ հաղթահարելով իրենց սկզբունքները:

Օրն ավարտվեց Գոշավանք կատարված գիտաճանաչողական այցով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլ Նորություններ