«Ղարաբաղի հարցը Վարդանը լուծել է 22 տարի առաջ…»

Նորություններ
LDNbCO1YpnTlYVIR0RfBkANA25
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված նույն ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակին:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Նոր Նորքի համար 142 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, մանկավարժներ ու աշակերտներ (Վարդանը այս դպրոցում է ուսանել), Վարդան Հովհաննիսյանի մայրը, հարազատներ, ընկերներ, գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) ու Աստվածատուր Պետրոսյանը, «Մահապարտների» ջոկատից Սպարտակ Մաթևոսյանը, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, գրող, լրագրող Գոհար Մարտիկյանը, գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանն ու վարդանանքցիներ:

2007 թվականի սեպտեմբերի 1-ին Տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվեց Վարդան Հովհաննիսյանի անունով` ի պատիվ նրա վառ ու լուսավոր հիշատակի, իսկ այսօր արդեն հիշողությունները հարազատների ու ընկերների մասնակցությամբ ամփոփվում են խորհրդավոր այդ լսարանում:

«Սովորել միշտ էլ կարող եմ, բայց հիմա զինվոր է պետք». գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Վարդանին հիշեց այս տողերով ու փաստեց, որ այստեղ նստած մահապարտների կողքին շարունակում են ծնվել նաև նոր մահապարտներ. «Վարդանը միշտ ասում էր` հերիք է մենք ասենք, թե ովքեր ենք ու ինչ ունենք… Ուղղակի մենք մենք ենք և ունենք այնպիսի Վարդաններ, որոնք պատվով են պսակել մեր հաղթանակը»:

Մինչ օրս էլ Վարդանի մայրը՝ տիկին Սալբին, ոգևորությամբ է պահում որդու գրած տողերն ու ամեն անգամ ընթերցելիս հիշում նրա հետ կապված յուրաքանչյուր դրվագ: Հերոսի մայրը զոհվելուց մի քանի տարի անց որդու դարակում գտել էր այս տողերը. «Այստեղ է, որ բաց ճակատով ու լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ, զավակը մի ժողովրդի, որն իրեն տվել է աշխարհի քաղաքակրթությանը և իր տվածի՝ ինձ համար ամենաթանկն ու գեղեցիկը իմ հայրենասիրական ոգին է: Մեր ազգը չի կարող կործանվել»:

Հուշ-ցերեկույթի ընթացքում Վարդանի ընկերները նորովի ներկայացրին նրան ու ցավով փաստեցին, որ իրենք կորցրել են ոչ միայն նրա բացառիկ տեսակը, այլև հրաշալի ընկեր-անհատականության: Տպավորիչ էր նաև գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյաննի արտահայտությունը, որն ամբողջապես արտացոլեց Վարդան Հովհաննիսյանին մինչ այժմ կապող իրականությունը. «Ղարաբաղի հարցը Վարդանը լուծել է 22 տարի առաջ…»: Վարդանանքցիները, ավանդույթի համաձայն, միջոցառումն ամփոփեցին Հայրիկ Մուրադյանի Վարդանի հայտնի երգով:

Հովհաննես Վարդանյան / ysu.am

Այլ Նորություններ