11 սեպտեմբերին հուշ-ցերեկույթ <Անմահության 20 տարի> նվիրված Վարդան Հովհաննիսյանի հիշատակին

Նորություններ
dsc_0620

Իսկական զինվորը գնում է պատերազմ՝ առանց իր քայլի մասին բարձրաձայնելու, առանց սպասելու, թե իրեն կմեծարեն: Քսան տարի առաջ հենց այսպես վարվեց 20-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ով հետո պիտի կնքվեր Վարդան Մահապարտ անունով:

Դեռևս ԵՊՀ ուսանող Վարդանը 1992-ին որոշեց գրիչի փոխարեն զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը ամենածանր ժամանակ, այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը կոչ էր անում հավաքել 500 փորձառու մահապարտների խումբ և ամենավճռական կետերում պայքարը տանել մինչև վերջ: Վարդան Հովհաննիսյանը, թեև փորձառու չէր, բայց հետևեց այս կոչին և մեկնեց ճակատ: Սակայն սեպտեմբերի 11-ը նրա համար եղավ վերջին լուսաբացը: Վաղուհասի բարձունքին՝ թեժ մարտերի ժամանակ, հրացանը ամուր գրկած՝ ընկավ 20-ամյա զինվորը, ում կյանքի ճամփան դեռ նոր էր սկսվում:

ԵՊՀ-ում ամեն տարի այս օրը Վարդանի հիշատակին նվիրված հուշ ցերեկույթ է կազմակերպվում, որին մասնակցում են նրա զինակից ընկերները, դասախոսներ, զինվորականներ: Այս տարի լրացավ նրա նահատակման 20 տարին, ինչի հիշատակին նվիրված՝ ԵՊՀ «Վարդանանք» ակումբը կազմակերպել էր միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին «Արծիվ» մահապարտների գումարտակի հրամանատար Աստվածատուր Պետրոսյանը, մահապարտներ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դասախոսներ, գրող Գրիգոր Ջանիկյանը և այլք: Բոլորն էլ իրենց խոսքում մեծարեցին Վարդանի գործը, խոսեցին նրա վառ անհատականության մասին և կոչ արեցին ոգևորվել վարդաններով:

Հուշ-ցերեկույթն իրենց երգերով գեղեցկացրին ազատամարտիկներ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, ինչպես նաև բեմում թնդաց հայորդաց պարը՝ «Կարին» ազգագրական համույթի կատարմամաբ, որի ղեկավարը մահապարտ-ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն է :

Այլ Նորություններ