Հուլիսի 26-ին լրացավ Էդուարդ Ավագյանի 48 ամյակը

Նորություններ

Ծնվել է 1969թ. հուլիսի 26-ին, Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղում:
1981թ. Ավագյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում: Էդ. Ավագյանը 6-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցում:
1986 թ. Էդ. Ավագյանն ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել Oրջոնիկիձեի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը:
1987 թ. ուսումնառության նպատակով մեկնել է Մոսկվա, սակայն պետական ուղեգիր չունենալու պատճառով բուհ չեն ընդունել: Նույն թվականին Էդ. Ավագյանը զորակոչվել է խորհրդային բանակ: Առաջին վեց ամիսներին ծառայել է Չիրչիկում (Ուզբեկստան), որտեղ լեռնային բարդ և անբարենպաստ պայմաններում խորհրդային զինվորական ստորաբաժանումները պատրաստություն էին անցնում` Աֆղանստան մեկնելու համար:
1988 թ. մինչև 1989 թ. փետրվարի 15-ը Էդ. Ավագյանը ծառայությունը շարունակում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում, որտեղից դուրս է գալիս խորհրդային բանակի վերջին հրասայլով: Նույն թվականին Մուրմանսկում ավարտելով իր ծառայությունը` զորացրվում է:
Խորհրդային բանակում Էդ. Ավագյանը արժանացել է մի շարք շքանշանների և մեդալների` Աֆղանստանի նախագահի 1988 թ. մայիսի 10-ի հրամանագրով պարգևատրվել է ՙВоину-интернационалисту от благодарного афганского народа՚ (Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989 թ. մայիսի 25-ի հրամանագրով` ՙЗа отвагу՚ (Արիության համար), իսկ սեպտեմբերի 11-ին` ՙЗа боевые заслуги՚ (Մարտական ծառայությունների համար) մեդալներով:
1990 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսմանը զուգահեռ սովորել է կասկադիորական դպրոցում:
1990 թ. Էդ. Ավագյանը ընդգրկվել է աֆղանական պատերազմի մասնակիցներից կազմված հատուկ ինքնապաշտպանական գումարտակ և մեկնել է Գորիս, Մեղրի:
Էդ. Ավագյանը զոհվել է 1991 թ. ապրիլի 6-ին Մեղրիում` գլխուղեղի հրազենային վնասվածքից: Նրա աճյունն ամփոփված է Նոր Նորքի 1-ին զանգվածի պուրակում:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի թիվ 1106 հրամանագրով Էդ. Ավագյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր մարտիկ-ինտերնացիոնալիստների գործերով կոմիտեի որոշմամբ 2005 թ. փետրվարի 19-ին պարգևատրվել է ՙВетеран боевых действий՚ (Մարտական գործողությունների վետերան) մեդալով:

Այլ Նորություններ