ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Նորություններ
baner Ohanyan
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վարդանանք» ակումբի ամենամյա գիտապրակտիկ կոնֆերանսի բացումը, որին ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Արդեն 19 տարի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նախաձեռնում է այս կոնֆերանսը` նվիրված Անկախության տոնին: Այս տարի այն նվիրված է նաև Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին և կրում է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագիրը: Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտահետազոտական մտքի ամրապնդմանը: Ակումբը, համագործակցելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ, յուրաքանչյուր տարի փորձում է վեր հանել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, այնպես էլ հայ զինվորի վսեմ հատկանիշների ձևավորմանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց նախարար Օհանյանին՝ Մայր բուհի առաջարկություններին մշտապես աչալրջություն ցուցաբերելու, ինչպես նաև ԵՊՀ-ում ռազմահայրենասիրական թեմաներով միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

«Պաշտպանության նախարերի հետ հանդիպումները մեծ խթան են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Բացի այդ՝ նախարարի հետ յուրաքանչյուր հանդիպում մեզանից յուրաքանչյուրին ոգևորում ու նպատակամղում է՝ կատարելու լավ ու բարի գործեր: «Վարդանանք» ակումբն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, ինչպես նաև իրականացնում տարաբնույթ միջոցառումներ ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծննդավայրերում, նրանց դպրոցներում և այլն»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Կարևորելով նմանաբնույթ նախաձեռնությունները՝ ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև «Վարդանանք» ակումբին և այն ուսանողներին, ովքեր գիտական հետազոտությունների առանցքում են պահում ռազմական ոլորտը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպումներին սիրով է գալիս: Նա կարևորեց նաև Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված համահամալսարանական միջոցառումները, որոնք տարեսկզբից լայն արձագանք են գտել ամբողջ Հայաստանում:

«Թաթուլ Կրպեյանն ունեցել է մի ճակատագիր, որ յուրաքանչյուր դասախոս և ուսուցիչ ներքուստ հպարտություն է ապրում այն ամենի համար, ինչ ինքը ներդրել է Թաթուլի մեջ: Նրա ոգին սավառնում է վերևում, և նրա ոգուց եկող հուրը ջերմության, արևի ճառագայթների արտացոլումն է: Դիմում եմ նրանց, ովքեր երջանկություն են ունեցել Թաթուլին դասավանդելու. իսկապես, այսօր Թաթուլն է մեր ուսուցիչը, նա վերևից մեզ դաստիարակում է…»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին, անդրադարձավ սերունդների տարբերությանը, երիտասարդների պատրաստվածությանն ու ԵՊՀ-ում ստեղծվող մարտական ակումբին:

Հանդիպումն ավարտին Սեյրան Օհանյանի հրամանով ԵՊՀ մի շարք դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ պարգևատրվեցին պատվոգրերով, արժեքավոր իրերով և այլն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին նախարարին նվիրեց Մայր բուհի կողմից հրատարակված գրքեր:

Տեղեկացնենք նաև, որ «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով կոնֆերանսն անցկացվելու է սեպտեմբերի 19-21-ը Բյուրականի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում: Եռօրյա այցելության շրջանակներում, բացի զեկուցումներից ու դրանց վերաբերյալ քննարկումներից, իրականացվելու է նաև կրթամշակութային արշավ-ուխտագնացություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլ Նորություններ