Նոյեմբերի 28-ին Մհեր Ջուլհաճյանի ծննդյան օրն է

Նորություններ
4HQAIHW2FSTHg0SyJMTnTUoiaC

Ծնվել է 1967 թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:
1978 թ. Մ. Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ ՙՆավասարդյան՚ պատանեկան միությանը: Միջնակարգ և երկրորդական ուսումը շարունակել է Ազգ. Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում:
1984 թ. անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) ՙՐաֆֆի՚ մասնաճյուղին: 1986 թ. փետրվարին Մ. Ջուլհաճյանը ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին:
1989 թ. դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական:
1989 թ. Մ. Ջուլհաճյանը նշանակվել է ՀՅԴ ՙԲաբկեն Սյունի՚ պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991 թ. մարտ ամիսը:
1990 թ. հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ ՙԶավարյան՚ ուսանողական միության շարքերը:
1990 թ. սկզբից մինչև 1992 թ. հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չալթապաշյան և Գերմանական երկրորդական վարժարաններում: Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում:
1992 թ. ամուսնացել է և տեղափոխվել Հայաստան: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին:
Մ. Ջուլհաճյանը զոհվել է 1993 թ. օգոստոսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան) ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 2003 թ. մայիսի 8-ի ՆՀ37 հրամանով Մ. Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:
2007 թ. նոյեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մ. Ջուլհաճյանի անվամբ:

Այլ Նորություններ