Սէր ոչ երբէք անկանի…

Նորություններ
նկար

«Սերը երբեք չի անհետանում»(Ա Կորնթ․ 13։8)․ այս խորագիրն էր կրում ԵՊՀ Վարդանանք ՌՀԴԱ-ի փետրվարի 16-ի փոքրիկ միջոցառումը՝ նվիրված Սբ Սարգիս զորավարի, իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների տոնին։ Ավանդույթի համաձայն այս տարի ևս ակումբականներին իր ջերմ հարկի տակ հյուրընկալել էր Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանը, որի աշխատակազմը գեղեցիկ միջոցառում էր նախաձեռնել։
Ներկաներին իրենց գեղեցիկ, հայրենաշունչ ելույթներով ոգևորեցին Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» ազգագրական երգ ու պարի համույթի սաները։
«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի,- ասում է Աստվածաշունչը(Ա Կորնթ․ 16։14)․ Սիրով ու նվիրումով կազմակերպված միջոցառումը բոլորին համախմբել էր սիրո աներևույթ ուժով, որը տեսանելի դարձավ ներկաների աչքերում առկայծող լույսով, ուրախությամբ։
Իսկ ո՞ վ էր Սբ Սարգիսը, ում տոնը այսքան խանդավառությամբ նշում են քրիստոնյաները։
Սբ Սարգիսը եղել է հայտնի զորավար 4-րդ դարում, ով նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի։ Սարգսի հավատը, սերը այնքան մեծ էին առ Աստված, որ գերադասեց տանջալից մահը, քան հավատուրացությունը։ Սուրբը համարվում է զորականների, երիտասարդների, պանդուխտների հովանավորը։ Ժողովրդական ավանդազրույցի համաձայն, նա նաև սիրահարների արագահաս բարեխոսն է։
Միջոցառումը միտված էր մարդկանց սրտերում առավել բոցավառելու սիրո կրակը՝ դեպ Աստված, մարդիկ, հայրենիք․․․
Կազմակերպիչների խոսքով՝ սերն է այն արմատը, որից սնուցվում է ճշմարիտ կյանքի ծառը։ Մարդկային կյանքում գլխավորը սիրո առկայությունն է թե´ Աստծո, թե´ միմյանց նկատմամբ։ Սիրուց է ծնվում ամեն բարիք երկրի վրա։ «Սերը աշխարհաստեղծ զգացմունք է, առանց որի մենք կլինեինք անհոգի ու անսիրտ էակներ։ Երբ սիրում ես, ձգտում ես երջանիկ տեսնել բոլորին, ցանկանում ես քո ուրախությունը կիսել նրանց հետ»,-այսպես է բնորոշում սերը ակումբական Մելինե Խաչիկյանը։
Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը մաղթեց, որ սիրո զգացումը բոլորը մշտապես կրեն իրենց հոգիներում։
Վերջում թանգարանի աշխատակազմը բովանդակալից խաղեր էր կազմակերպել ներկաների համար, որոնց ընթացքում, ինչպես նշեց թանգարանի ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանը, «բոլորն էին դարձել բանաստեղծ պոետի հարկի ներքո»։
Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին։
Վարդանանքցիները հրաժեշտ տվեցին թանգարանին նորից վերադառնալու խոստումով։

Աստղիկ Ավետիսյան

Այլ Նորություններ