Վազգեն Ա կաթողիկոս
Ազգային հերոսներՎազգեն Ա Պալճյանը ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում:1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովվապետական այցելություն է կատարել հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարան, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:
1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է հայ եկեղեցու Արցախի թեմը (1989թ.), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994թ.-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով: