
Վարդանանքը կրկին Զորաց պանթեոնում է
Նորություններ
1964 թվականի հունվարի 30-ին Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում ծնվեց մի մանուկ, որի անունը հետագայում պետք է դառնար հայրենասիրության և անձնուրաց սխրագործության վառ օրինակ ինչպես ժամանակակիցների, այնպես էլ հետագա սերունդների համար. Պետրոս Ղևոնդյան` նույն ինքը պռոշյանցի Պետոն:
Արցախյան շարժման տարիներն էին, ստեղծվել էր բարդ իրավիճակ, իսկ հայրենիքն օգնության կարիք ուներ: Պետոն, ով այդ ժամանակ սովորում էր Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, նրանցից մեկն էր, ով կռվի դաշտ մեկնեց առանց վարանելու: <<Արցախի խնդիրը մեր ազգի գոյությունը պահպանելու խնդիրն է: Իսկ Արցախի, հետևաբար նաև մեր գոյատևման և կյանքի ապահովման երաշխիքը կռվող տղերքն են>>,-ասում էր նա:
Կարճ ժամանակ անց հայրենիքի նվիրյալը դարձավ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, մշակեց Օմարի լեռնանցքի գրավման ծրագիրը և առանց զոհ տալու իրականացրեց այն:
Սակայն, երբ հերթը հասել էր Քարվաճառի ազատագրական մարտերին, ճակատագիրը անողոք գտնվեց Պետոյի նկատմամբ: Փետրվարի 14-ին զոհվեց քաջ հայորդին:
<<Վարդանանք>> ՌՀԴԱ-ն` չմոռանալով որդեգրած ավանդույթները, փետրվարի 14-ին մեկնեց Պռոշյան, որտեղ գտնվում է հերոսի անունը կրող դպրոցը: Համալսարանական-ակումբականները շրջեցին դասարաններով և աշակերտներին ներկայացրին հերոսի կյանքն և գործունեությունը: Հանդիպման ավարտին մի խումբ դպրոցականների հետ վարդանանքցիներն այցելեցին Զորաց պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հերոսի շիրիմին: <<Կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը, ամեն կերպ կփորձենք այն շարունակական դարձնել>>,-իր եզրափակիչ խոսքում նշեց ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: