ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ 9-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Նորություններ
amarayin dproc

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի՝ Վարդան Բախշյանի անունը կրող լսարանում տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ակումբի «Ամառային դպրոց-2016» -ի բացման արարողությունը:

Հունիսի 1-ն ու լսարանը պատահական չէին ընտրվել, քանի որ այս օրն է ծնվել Արցախյան ազատամարտի նվիրյալ, Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Վարդան Բախշյանը: Այսօր նա կդառնար 51 տարեկան: Միջոցառմանը, համալսարանականներից բացի, ներկա էին նաև ազատամարտիկի մայրը, քույրը և ընկերներ:

«Ամառային դպրոցն» արդեն 9 տարի է, ինչ անցկացվում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ: Մեկշաբաթյա դասընթացները հիմնականում վարում են ԵՊՀ դասախոսները: Թեմաներն ընտրվում են նախապես՝ հաշվի առնելով ակումբականների հետաքրքրությունների շրջանակը, իսկ դասընթացներին մասնակցած ակտիվ ակումբականները օգոստոսին հնարավորություն են ստանում մեկնելու Արցախ և մասնակցելու «Միացյալ Հայաստան» ծրագրին:

ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ 9 տարի անընդմեջ անցկացվող «Ամառային դպրոց» ծրագրի միջոցով բազմաթիվ համալսարանականներ համալրում են ակումբի շարքերը: Ըստ տիկին Աբրահամյանի՝ անցկացվող դասընթացները նպաստում են ուսանողների լրացուցիչ գիտելիքների ամրապնդմանը. «Հաշվի առնելով քառօրյա պատերազմի հետևանքները՝ մեր դասախոսություններում հիմնական շեշտը դնելու ենք ռազմական և հոգեբանական ոլորտների վրա»:

Ակումբի նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ «Ամառային դպրոց» ծրագիրը մեկնարկում է Վարդան Բախշյանի ծննդյան օրը, մի մարդ, ով ակտիվորեն մասնակցել է Արցախյան հերոսամարտերին, մի խումբ ընկերների հետ հիմնադրել  ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել «Դաշինք» ուսանողական թերթը:

Վարդան Բախշյանի մասին իրենց հիշողությունները ներկայացրին նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Էլյա Զաքարյանը, Պատմության ֆակուլտետի դասախոս Արտավազդ Դարբինյանը, ազատամարտիկ, գրող, լրագրող, հրապարակախոս Աշոտ Պետրոսյանը և ուրիշներ:

Հանդիպման ավարտից հետո վարդանանքցիներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ իրենց հարգանքի տուրք մատուցելով Վարդան Բախշյանին ու մերօրյա հերոսներին:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ