Քո անունն ու կարոտը հոմանիշներ են դարձել

Նորություններ
DSC04132

Հավատում եմ քեզ, զինվո՛ր, քանի որ քո շունչը մանկուց եմ զգացել, բայց քեզ հետ համընթաց քայլել երբեք չեմ կարողացել, քանզի հայրենիքի պաշտպանությունը դու կյանքիցդ վեր դասեցիր:

      Խոսքերս քեզ են ուղղված, հա՛յր, դու, որ բոլորին պաշտպանելով` ինձ անպաշտպան ես թողել, հայրենիքիդ սյունն ամրացնելով` քո տան սյունը կիսաքանդ ես թողել: Տուն, որտեղ մինչ օրս կարոտով սպասում եմ քեզ, որ ասեմ, թե ինչ դժվար է առանց քեզ, թե որքան եմ կարոտում խրատներդ, ժպիտդ, աչքերդ` բարի, գուրգուրանքդ՝ջերմ:

Քո անունն ու կարոտը հոմանիշներ են դարձել և իմ հոգում խորը արմատներ գցել, հոգի, որն ուզում է կուչ գալ քո տաքուկ գրկում և իրեն պաշտպանված զգալ՝ ինչպես մանուկ հասակում:

Ես այսօր հպարտանում եմ քեզնով, հա՛յր, բայց միևնույն ժամանակ կարոտում եմ քեզ…

Քեզ տեսնելու համար քայլերս արդեն քանի տարի է՝ նույն ուղղությամբ են շարժվում…մոտենում եմ քեզ ու համբուրում, իսկ դու անտարբեր ես, խոսում եմ քեզ հետ, իսկ դու նորից լուռ ես, կարոտով փարվում եմ քեզ, իսկ քո շիրիմը սառն է ու լուռ, կարոտն ու արցունքները խեղդում են ինձ: Դու հպարտ կանգնած ես քո զինվորական համազգեստով, քո բարի աչքերով հիշեցնում ես, որ ես մենակ չեմ, որ դու ինձ հետ ես, որ դու գնացիր հանուն մի մեծ գործի, որը կոչվում է հայրենիքի պաշտպանություն: Քո և ընկերներիդ շնորհիվ սուրբ գործի ծիլերը աճեցին, և ես այսօր վստահ եմ, որ հայ զինվորը կշարունակի քո գործը, նրանք կարող են և պարտավոր են: Վստա՛հ եղիր, քանզի ձեր դրած ամուր հիմքերի վրա բարձրանում է մեր ազգի ամրոցը՝ հայոց բանակը:

Իսկ ես, համբուրելով քո սառը շիրմաքարը, նորից լցվում եմ հույսով, որ մենակ և անպաշտպան չեմ, որ դու հեռուներից միշտ հսկում ես քո որդու խաղաղ առավոտները…

Արմինե Ավետիսյան

 

Այլ Նորություններ