Ալեք Մանուկյան

Ազգային հերոսներ
Manukyan Alek

Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ և մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ. Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:
Իզմիրը և Կոստանդնուպոլիսն այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան: Սակայն 1915 Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից և հաստատվել ԱՄՆ-ում: Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում:
Ա.Մանուկյանը, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով, մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում և 1929թ. հիմնում իր սեփական «Masco Screw» ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է «Masco Corporation»-ի:
1930-ականների սկզբերին` ամերիկյան տնտեսական ճգնաժամի բարդ ժամանակաշրջանում, Մանուկյանի ընկերությունը բավարար միջոցներ չի ունենում մտնելու NYSE` Նյու Յորքի ֆոնդային բորսա: Այդ տարիներին նա միանում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը (ՀԲԸՄ):
1931թ. Ալեք Մանուկյանն ամուսնանում է հայուհի Մարի հետ, ով նրան 2 զավակ է պարգևում: 1940թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953թ.` ընկերության միջազգային նախագահ:
1989թ.-ից Ալեք Մանուկյանը ՀԲԸՄ-ի Ցմահ Պատվավոր Նախագահն է: Նա ակտիվ համագործակցում էր նաև «Վարդանաց ասպետներ» կառույցի հետ և 1940թ. ընտրվում Ավագ Սպարապետ:
1968թ. Ալեք Մանուկյանը և կինը` Մարի Մանուկյանը, հիմնում են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանն և հրատարակմանը, ինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:
Մանուկյանը (ՀԲԸՄի միջոցով) աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը: Կառուցել է նաև բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել: Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել:
Հայ մեծ բարերարը մահացել է 1996թ. հուլիսի 10-ին Դեթրոիթում: Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը` Լուիզ Սիմոն Մանուկյանին:
Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երևանում, Մոնրեալում և Ստեփանակերտում:
Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ և ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

Այլ Ազգային հերոսներ