«Ամառային դպրոց -2018»

Հայտարարություններ, Նորություններ
dproc

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը իրականացրեց «Ամառային դպրոց-2018» կրթական ծրագիրը։ Այն հագեցած էր տարաբնույթ դասախոսություններով ու գիտաճանաչողական այցերով։ Այս տարի այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին։
Արդեն շուրջ տասը տարի է, ինչ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն նախաձեռնում է այս ծրագիրը՝ հնարավորություն տալով տասնյակ երիտասարդների ձեռք բերել համակողմանի գիտելիքներ տարբեր թեմաների վերաբերյալ։
28.06. Տեղի ունեցավ «Ամառային դպրոց-2018»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ ելույթ ունեցավ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ակումբականներին և բանախոսներին՝ ծրագրին մասնակցելու համար։ Շնորհավորեց շրջանավարտներին և նրանց մաղթեց նոր նվաճումներ։ Նա նաև նշեց, որ այս տարվա դասախոսությունները կլինեն նույնքան հետաքրքիր, որքան նախորդները։ Իսկ «Ամառային դպրոցի» մասնակիցները կստանան հավաստագրեր։
Առաջին դասախոսությունը վերաբերում էր Արցախի հիմնախնդրին։ Բանախոս Արա Հարությունյանը, ով նաև ակտիվ վարդանանքցի է և այժմ սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, համակողմանիորեն ներկայացրեց հիմնախնդրի պատմությունը, խոսեց բանակցային գործընթացների և կողմերի միջև հարաբերությունների մասին։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակին։
29.06: Բանախոս Գոհար Չալումյանը ներկայացրեց «Ստեղծագործական մտածողություն։ Հաջողության տեխնոլոգիաները և գործիքները» խորագիրը կրող ինտերակտիվ դաս-խաղը։ Ըստ նրա մասնակիցները ավելի լավ կարող են ընկալել իր դասախոսությունը, եթե այն լինի խաղերի և քննարկումների տեսքով։
30.06: «Անմահները հրամայում են․․․»։ Հունիսի 30-ը անմահ հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Եվ այդ էր պատճառը, որ «Ամառային դպրոցի» այդ օրվա դասը եղավ Եռաբլուրում՝ հերոսի շիրիմի մոտ։ Նրա անձնազոհ արարքը պետք է սովորեցնի մեզ բոլորիս ամբողջ էությամբ սիրելու հայրենիքը։
Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն այս տարի առանձնացավ Արմեն Հովհաննիսյանի անվան Փառքի անկյունը՝ Փառքի սրահի վկայակոչումով: Եռաբլուր Փառքի պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաներն ուղևորվեցին Հերոսի բնակարան, որտեղ էլ օրհնության ծեսով կատարվեց Փառքի սրահի վերաբացումը: Ավելի քան վստահ ենք, որ Արմենն իր սխրանքով անմահացրեց իրեն, և պարզապես անհրաժեշտություն էր, որ ժամանակակիցները և սերունդները հնարավորինս մոտ լինեն Հերոսին, իսկ միակ միջոցը, որտեղ ամեն շունչդ հերոսին է հիշեցնելու, իր բանակարանն է, իրերը, հուշերը:
01.06: Վարդանանքցիները գիտաճանաչողական այց կատարեցին Ազգային պատկերասրահ և ներկա գտնվեցին Մինաս Ավետիսյանի կտավների ցուցադրությանը։ Ակումբականները ականջալուր եղան նաև Մինաս Ավետիսյանի կյանքի պատմությանը։ Բոլորը տպավորված էին այցելությունից։ Ինչպես նշում է ակումբական Հասմիկ Ասատրյանը. «Ես հիացած եմ Մինաս Ավետիսյանի աշխատանքներով, և ոգեշնչված գույներով, գրաֆիկայով ու Էլ ավելի հետաքրքիր ոճով կստեղծագործեմ»։
Ահա այսպիսի հետաքրքիր մթնոլորտում կայացավ «Ամառային դպրոց-2018»-ը։

Հ․Գ. Հիշեցնենք, որ «Ամառային դպրոց-2018»-ին կհաջորդի «Միացյալ Հայաստան» արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որը տեղի կունենա օգոստոսի 3-9-ը։

Մելինե Խաչիկյան

Այլ Նորություններ