ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ 18-ՐԴ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Նորություններ
10268536_570327483072541_8068596650295198184_n
Սեպտեմբերի 19-21-ը ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանս:

Արդեն 18 տարի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն անցկացնում է այս կոնֆերանսը, իսկ վերջին 5 տարիներին` ԵՊՀ ՈՒԳԸ-ի հետ համագործակցությամբ և ԵՊՀ ռեկտորատի ու ՊՆ-ի աջակցությամբ: Ուսանողները կոնֆերանսի ընթացքում զեկույցներ են ներկայացնում արդի հիմնախնդրային թեմաներով:

Այս տարի գիտագործնական կոնֆերանսը նվիրված էր Արցախի և ՀՀ անկախության օրերին: Կազմակերպվեցին նաև ՀՀ անկախության 23-ամյակին նվիրված այլ միջոցառումներ` վերհիշելով հայրենիքի անցած ու հաղթական կարևոր էջերը:

Կոնֆերանսին ներկա էին «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, Արագածոտնի մարզի երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարդանանքցիներ ու Արտաշատի կապի զորամասի զինծառայողներ:

Հանդիպման առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան «Վարդանանքի» և ՈՒԳԸ նախագահները` շեշտելով, որ այս համատեղ կոնֆերանսն ունի կարևոր ու նպատակային առաքելություն:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ նմանօրինակ միջոցառումները էական ազդեցություն են ունենում հատկապես լրացուցիչ գիտելիք ստանալու հարցում: Այստեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են հավաքված, հետաքրքիրն էլ հենց այն է, որ յուրաքանչյուր զեկուցում նոր բան սովորելու ու գործնականում ճիշտ ձևով կիրառելու հնարավորություն է տալիս»,- ասաց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն ու մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես կարելի է ճիշտ գրել գիտական հոդված: Ծավալված քննարկումից հետո մասնակիցներն ընդհանուր պատկերացումներ կազմեցին գիտական հոդվածի առանձնահատկությունների մասին:

Արդեն երկրորդ օրը մասնակիցներին միացան նաև Արտաշատի կապի զորամասի զինծառայողները` ԱՀՏԱ գծով փոխհրամանատար մայոր Ռաֆիկ Համբարձումյանի ղեկավարությամբ: Քննարկվեցին ռազմահայրենասիրական դաստիարակության արդի խնդիրները, ինչպես նաև երիտասարդություն-բանակ-հասարակություն կապի ամրապնդման թեմաները: Այնուհետև բոլոր մասնակիցներն այցելեցին Ամբերդի ամրոց ու Վահրամաշեն եկեղեցի:

Հարկ է նշել, որ բացի այս ամենից` «Վարդանանք» ակումբը, չխախտելով իր բարի ավանդույթները, անդրադարձավ նաև Արցախյան գոյամարտում զոհված մահապարտներին` յուրաքանչյուր պատմական հիշողության մեջ արտացոլելով կարևոր հերոսական դրվագներ ու պատմական փաստեր: Իսկ գրականության ամենակարկառուն դեմքերի՝ Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի հոբելյանական տարվան նվիրված ընթերցումները վերածվեցին տոնի:

Այսպիսով՝ եռօրյա հանդիպումն ավարտվեց հավաստագրերի հանձնմամբ: Լավագույն զեկույցներ ներկայացնողներն ու Արտաշատի կապի զորամասի առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին ԵՊՀ հավաստագրերով, ինչին հաջորդեց ուխտագնացությունը. մասնակիցներն այցելեցին Տեղերի վանական համալիր, Ձորափի Արշակունիների դամբարան, Ագարակի Կիկլոպյան ամրոց, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի, Քասախի կիրճ, Աշտարակի Ծիրանավոր և Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներ:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան / ysu.am

Այլ Նորություններ