ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նորություններ
pjKww6LGVkQQLQwbmj9q7wzEf6
«Վարդանանք» ակումբի ամառային դպրոցի մասնակիցներն արդիական թեմաների շուրջ բանավիճել են բանախոսների հետ:
pjKww6LGVkQQLQwbmj9q7wzEf6
 

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Միացյալ Հայաստան» կրթամշակութային ծրագրի շրջանակներում իրականացվող 5-րդ ամառային դպրոցի ավելի քան 25 ունկնդիրների համար հուլիսի 3-ին դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Բանախոսի «Ռազմահայրենասիրական դաստիարակության մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով դասախոսությունը բավականին հետաքրքիր ու բուռն քննարկման հիմք հանդիսացավ:

«Ցանկանում եմ՝ հասկանաք, որ տարբեր մարդիկ հայրենասիրությունը տարբեր ձևով կարող են ընկալել և մեկնաբանել: Մեկը կասի, որ այն հայրենիքի պաշտպանությունն է կամ ստեղծագործական աշխատանքով զբաղվելը, իսկ մյուսը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կամ ժողովրդավարությունն ու բնապահպանությունը և այլն»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը՝ հույս ունենալով հետաքրքիր բանավեճ ծավալել երիտասարդների հետ:

Ռուբեն Մարկոսյանի հույսերն իրոք արդարացան, քանի որ երիտասարդները սկսեցին ակտիվ մասնակցել քննարկմանը: Բավականին ծավալուն քննարկում տեղի ունեցավ արտագաղթի պատճառների շուրջ. այն հարկավոր է դիտարկել որպես սոցիալական պատճառների հետևանք, թե՞ հայրենասիրության պակաս: Նշվեց նաև, որ հայրենասիրական դաստիարակությունն անընդհատ գործընթաց է, քննարկվեցին դրա առանձին բաղադրիչները:

Փոքրիկ դասախոսություն կարդաց նաև միջոցառմանը ներկա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Վերջինս նշեց, որ այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում, պետք է շուտափույթ լուծում ստանան կարճ ժամանակում. «Դո՛ւք եք այդ խնդիրը լուծելու, սիրելի՛ երիտասարդներ: Մեր չարածը դո՛ւք պետք է անեք: Մեր հայրենիքն այն հողն է, որի վրա մենք ապրում ենք: Պետք է բարձր գնահատենք այդ հողի վրա ապրած ամեն մի վայրկյանը և լծվենք մեր երկիրն առավել լավը, ամենից ուժեղը դարձնելու գործին»:

Ավելի ուշ ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, Պատմության ֆակուլտետի դասախոս Ալիկ Ղարիբյանին: Վերջինս երիտասարդներին ներկայացրեց «Արցախյան հիմնահարցը հայոց ինքնության համատեքստում» թեման, որի շուրջ ևս բավականին ակտիվ քննարկում ծավալվեց:

Նյութի աղբյուր

Այլ Նորություններ