ԻՐ ԿՅԱՆՔԻ ԼԵՌԸ ՆԱ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԷՐ 26 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ…

Նորություններ
tigran sargsyan 27.04.2015

Ապրիլի 28-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Տիգրան Սարգսյանի անվան լսարանում տեղի ունեցավ հերոսի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառում-հանդիպում:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, դասախոսներն ու ուսանողները, «Վարդանանք»-ի անդամները, զոհված ուսանող-ազատամարտիկների մայրեր, Տիգրան Սարգսյանի հարազատները, մարտական, զինակից ու մանկության ընկերները, համակուրսեցիները:

«Վարդանանք» ակումբի անդամ Շուշանիկ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց 27 գարուն տեսած հերոսի անցած կարճ, բայց բովանդակալից կենսագրականը. «Այսօր մենք հավաքվել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու ազգի արժանավոր զավակներից մեկին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Տիգրան Սարգսյանին: Հովհաննես Թումանյանը 40 տարեկան հասակում գտնում էր, որ իր կյանքի լեռան գագաթին է արդեն, և ժամանակն է վայրէջք կատարելու, իսկ 1965 թ.-ի ապրիլի 27-ին ծնված Տիգրան Սարգսյանն իր լեռն արդեն 26 տարեկանում էր հաղթահարել, բայց չէր մտածում իջնելու մասին»:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ավանդույթի համաձայն` նմանօրինակ միջոցառումներն անց են կացվում հերոսների անունները կրող լսարաններում: Դա շատ խորհրդանշական է, քանի որ այդ լսարաններում առաջին կուրսեցիները ուսումնառության առաջին իսկ տարիներից փորձում են դառնալ լավ մասնագետներ՝ աչքի առաջ ունենալով իրենց նախորդների անցած ճանապարհը:

«Որպես դասախոս և դեկանի տեղակալ՝ ես անմիջական առնչություն եմ ունեցել Տիգրան Սարգսյանի հետ: Հիշում եմ՝ նա հաճախ էր բացակայում դասերից, և երբ մի անգամ նրան հարցրի պատճառը, ոչինչ չպատասխանեց: Հետո նրա ընկերներից իմացա, որ դասի չգալու պատճառը Արցախում կամ սահմանում լինելն է: Դա իսկապես բնութագրական քայլ էր մեծ մարդու համար»,- իր տպավորություններն է ներկայացնում պարոն Ղազինյանը:

Հերոսի որդին՝ Արգիշտի Սարգսյանը, ով Իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ է, ընդամենը 4 ամսական է եղել, երբ հայրը զոհվել է, ուստի նրա հետ կապված հուշեր չունի, այդ պատճառով հույս հայտնեց, որ իր խոսքից հետո ելույթ կունենան կյանքի տարբեր փուլերում հոր կողքին կանգնած ընկերները, ովքեր նրա հետ կապված հիշարժան դրվագներ կպատմեն:

«Կարծում եմ՝ այսօր նրա տարեդարձի լավագույն նվերն այն կլիներ, եթե մենք նրա գործը շարունակեինք կամ գոնե պահպանեինք այն, ինչը նա սկսել էր: Չէ՞ որ ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր էլ է ակտուալ, իսկ հայրենասիրությունը զարգացած մարդու անհրաժեշտություն է»,- ասաց Արգիշտին:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանի բնութագրմամբ՝ Տիգրան Սարգսյանը հերոս զինվորի, ազնիվ և օրինապահ հրամանատարի, հայրենասիրության և բարության օրինապահ կերպար էր, և գնդի ռազմական խորհրդի ու Տիգրանի մարտական ընկերների անունից որպես շնորհակալություն ու ծննդյան նվեր Տիգրանի որդուն՝ Արգիշտիին, հանձնեց հուշամեդալ:

Ելույթ ունեցան նաև Տիգրան Սարգսյանի մանկության, մարտական ընկերները, համակուրսեցիները, ովքեր նրա հետ կապված որոշ դրվագներ պատմեցին, բնութագրեցին Տիգրանին իբրև մարդ, ընկեր ու հերոս, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին նրա հարազատներին ու հատկապես մորը՝ հայրենիքին նման հերոս զավակ պարգևելու համար:

Միջոցառման ավարտից հետո ներկաները գնացին Եռաբլուր, որտեղ հերոսի հիշատակի համար պատարագ և մոմավառություն էին լինելու:

ՀԱՍՄԻԿ ԱՍԼԱՆՅԱՆ / Աղբյուրը՝ ysu.am

Այլ Նորություններ